Մարուքյանը նորմա՞լ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի քաղաքական պայմանավորվածության մաս դառնան. Ռուբինյան |armtimes.com|
14:27 - 01 մարտի, 2021

Մարուքյանը նորմա՞լ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի քաղաքական պայմանավորվածության մաս դառնան. Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը տրամաբանական չէ՝ մի շատ պարզ պատճառով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ պարզաբանելով.

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ փաստացի այդ առաջարկով էդմոն Մարուքյանը նորմալ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի դառնան քաղաքական գործոն եւ իրենց նշանակումը կամ ազատումը կամ չազատումը պիտի դառնա քաղաքական պայմանավորվածության մաս: Այդպես չի կարող լինել եւ դա բնականաբար չի կարող նախապայման լինել արտահերթ ընտրությունների համար»:

 
 
 

Ըստ Ռուբինյանի՝ տրամանաբանական կլիներ, որ առանց որեւէ պայմանի Էդմոն Մարուքյանը հայտարարեր, թե իրենք պատրաստ են ստորագրել հուշագիր՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Այդ դեպքում, ըստ նրա՝ հնարավոր կլիներ առաջ գնալ:

Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունն էլ է պայմաններ ներկայացնում՝ Ռուբինյանը արձագանքեց, որ Մարուքյանի ասածը պարզապես անընդունելի է. «Պատկերացրեք՝ մի ինչ-որ վերացական աշխարհում, որտեղ պարոն Մարուքյանը դառնում է վարչապետ, եւ դրանից ասենք 2 օր հետո մի զինվորական, որն այդ պահին ԳՇ պետն է, պահանջում է էդմոն Մարուքյանի հրաժարականը: Վե՞րջ, այսինքն դա պիտի դառնա պայմա՞ն, այսինքն մենք պիտի մտնենք մի անվերջանալի ցիկլի մեջ, երբ որ զինվորականությունը պիտի խառնվի քաղաքականության մեջ եւ իրենց ազատումը կամ չազատումը պիտի դառնա որեւէ պայմա՞ն: Դա անընդունելի է ոչ միայն ինձ համար կամ մեր քաղաքական ուժի համար, դա անընդունելի է ժողովրդավարության եւ սահմանադրության տեսանկյունից»,- հավելեց նա:

Իսկ ո՞րն է այս իրավիճակի լուծումը, ի՞նչ է առաջարկում իշխանությունը՝ բացի հանրահավաքից. լրագրողի այս հարցին պատասխանելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, որ լուծումը հետեւյալն է. «Օնիկ Գասպարյանը կամ պիտի պաշտոնից ազատման դիմում գրի, կամ Հանրապետության նախագահը ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը, որից հետո կսկսենք կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել