Կոչ եմ անում մերժել բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք. Արարատ Միրզոյան
13:03 - 01 մարտի, 2021

Կոչ եմ անում մերժել բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Մարտի 1-ի կապակցությամբ:

ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը.

«Այսօր գարուն է։ Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևարգյանը Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, ոստիկաններ Համլետ Թադևոսյանը և Տիգրան Աբգարյանը 13 տարի առաջ մարտի 1-ին երազում էին ապրել ազատ, ժողովրդավարական և երջանիկ Հայաստանում։ Մարտի 1-ին ապօրինի հրամանի արդյունքում կիրառված զինվորական ուժի արդյունքում 10 տարով կասեցվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ուղին։

Այս օրերին, երբ անթույլատրելիորեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ փորձ կատարեցին խառնվել ներքաղաքական գործընթացներին, մենք պարտավոր ենք թույլ չտալ իրադարձությունների նմանօրինակ զարգացումը։

Ուստի կոչ եմ անում բոլոր անհատներին, քաղաքացիական խմբերին, կուսակցություններին ի հիշատակ մարտի 1-ի զոհերի մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և մեկ ճակատով հանդես գալ` մերժելու բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք։ Մեր հայրենիքն այլևս չպիտի անցնի նման փորձության միջով։

Այսօր գարուն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել