Հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին, ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտնեն իրենց կարծիքը. Վազգեն Մանուկյան |tert.am|
19:11 - 27 փետրվարի, 2021

Հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին, ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտնեն իրենց կարծիքը. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Գլխավոր շտաբի պետին հանելը մի մարդու ուղղված չէ, այն ուղղված է ամբողջ բանակի դեմ, քանի որ այն ստորագրել էին բոլոր հրամանատարները. Բաղրամյան պողոտայում անցկացվող հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյան:

Անդրադառնալով այն տեղեկությանը, որ ՀՀ նախագահը չի ստորագրել ԳՇ պետի պաշտոնից ազատման հրամանագիրը, Մանուկյանը ասաց, որ հարցը դրված էր՝ Նիկոլ Փաշինյան, թե բանակ: Մանուկյանը նշեց, որ եթե նախագահը ստորագրեր որոշումը, կնշանակեր, որ հաստատում է հարվածը բանակի դեմ, և միայն մեկ ճանապարհ կար բանակը պաշտպանելու՝  առաջարկն առարկություններով հետ ուղարկելը, ինչն էլ արեց Արմեն Սարգսյանը։

«Հայ ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, ինչպես բանակը՝ ժողովրդի կողքին, այժմ Հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին, ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտարարեն իրենց կարծիքը: Ես դիմում եմ  բոլոր ուժային կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակ, հակառակ դեպքում դուք բանակի դեմ եք, դիմում մեր մտավորականությանը, ակադեմիային, բոլոր կազմակերպություններին հանդես եկեք հայտարարություններով, որ կանգնած եք բանակի կողքին»:

Մանուկյանը նշեց, որ օրենքի համաձայն վարչապետը հինգ օրվա ընթացքում իրավունք ունի միջնորդելու, որից հետո ՀՀ նախագահն ունի ևս երեք օր՝ որոշում ընդունելու կամ Սահմանադրական դատարան ուղարկելու համար:

«Մենք մեր պայքարի ժամանակ միշտ պահանջում էինք, որ բանակը կանգնի ժողովրդի կողքին, այժմ բանակը պետք է սպասի մեր քայլին և ժամանակն է, որ մենք քայլ անենք, այն, ինչ մենք իրականացնում  էինք, մոտենում է ավարտին, և մենք բոլորս այդ ավարտին կմասնակցենք, այս րոպեին սա մեծ հաղթանակ է»:

Մանուկյանը նշեց, որ քննարկելով շարժման ղեկավարների հետ, որոշվել է վաղը բեմը տրամադրել մտավորականներին, մշակույթի գործիչներին, իսկ երկուշաբթի օրվանից հանրահավաքները կշարունակվեն։ «Ժամանակն է մտածել հետագա քայլերի մասին: Հույս ունեմ, որ երկուշաբթի օրը կլսենք Ոստիկանության և ԱԱԾ-ի հայտարարությունը, որ իրենք նույնպես սատարում են բանակին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել