Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում միջազգային հանրությանը ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը
12:40 - 27 փետրվարի, 2021

Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում միջազգային հանրությանը ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Սումգայիթյան ցեղասպանության 33-րդ տարելիցի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է․

«Փետրվարի վերջին օրերին լրանում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հերթական ոճրագործության՝ սումգայիթյան ցեղասպանության 33-րդ տարին:

Այդ ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության, մարդկության նկատմամբ կատարված հանցագործության իրավական ձևակերպմանը:Սումգայիթյան ջարդերը Խորհրդային Ադրբեջանի օրվա իշխանության և նրանց հովանավորող ուժերի կողմից պետականորեն նախապես ծրագրված գործողություններ էին, որոնց թիրախում այդ քաղաքը կառուցած ազգությամբ հայ բնակիչներն էին: Այդ ամենին ուղեկցում էր անասելի դաժանությունն ու բռնությունը, թալանն ու կողոպուտը: Ազգային և կրոնական անհանդուրժողականության հողի վրա սկիզբ առած բռնարարքները համարժեք գնահատական չստացան Խորհրդային Միության քաղաքական ղեկավարության և միջազգային համապատասխան կառույցների կողմից, որի պատճառով ջարդերն ու բռնի տեղահանումները դարձան գործելաոճ Ադրբեջանի վարչախմբի համար, և հետագա ամիսներին նոր արհավիրքի զոհ դարձավ Բաքվի, Գանձակի, Կուրի ձախափնյակի բնակչությունը: Շուրջ կես միլիոն հայություն Ադրբեջանից բռնատեղահանվեց, իսկ Հյուսիսային Արցախի բնիկ հայությունը զրկվեց հայրենիքից:

Սումգայիթյան եղեռնագործությունը Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր 1988 թ․ փետրվարին արցախահայության՝ իր ազատության և ինքնորոշման համար սկսած պայքարին:

ԼՂԻՄ խաղաղ բնակչությունը նույնպես հայտնվեց Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի թիրախում: Այն առավել անմարդկայնորեն դրսևորվեց 2020թ աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր պատերազմի ժամանակ:

Հարգանքի տուրք մատուցելով սումգայիթյան եղեռնագործության և Ադրբեջանի ագրեսիայի զոհ դարձած հազարավոր մեր հայրենակիցների հիշատակին, դատապարտելով խտրականության, անհանդուրժողոկանության և այլատյացության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները

կոչ են անում միջազգային հանրությանը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգող երկրներին ու կազմակերպություններին՝ ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն ­­­­­­­­

Արցախի «Արդարություն» խմբակցություն­

«Միասնական հայրենիք» խմբակցություն

«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել