1lurer.am: Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 13 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 18 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 19 պայթյունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1519 հա տարածք, 473 կմ ճանապարհ, 1494 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 942 պայթյունավտանգ առարկա:

Խաղաղապահներն ապահովել են Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երկու մարդասիրական գործողությունների անվտանգությունը: