armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները: 

Այս մասին ասված է Դաշնային խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ Ռուսաստանն ընթացիկ իրադարձությունները համարում է ներքին և հույս ունի, որ իրավիճակը կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով», - ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նշենք, որ երեկ Yerevan.today կայքը հրապարակել էր հարցազրույց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ, որում մասնավորապես նշված էր, որ ԳՇ պետի տեղակալը ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի 1 կրակոցի 10 տոկոսով պայթելու մասին և հավելել, որ դա լուրջ չէ:

Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը:
Պարզաբանումից քիչ անց Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։