Ալիևը իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից ետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում. Սերժ Սարգսյան
17:56 - 26 փետրվարի, 2021

Ալիևը իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից ետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևի արած հայտարարություններին: Արձագանքը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այնպիսի զավեշտալի և անլուրջ «բացահայտումներ» է արել, որոնց մեկ առ մեկ անդրադառնալը միանգամայն անիմաստ է և ժամանակի անհարկի վատնում:

Սակայն, պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից ետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում: 

Շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է դա հիմա անում՝ դժվար պահին օգնության է շտապում գործընկերոջը: Հավանաբար երկուսի մոտ էլ տարբեր ժամանակահատվածներում պարտվածի բարդույթը ծանր հետևանքներ է ունեցել:

Նա էլ հայաստանյան ներկայիս գործընկերոջ նման բանակից և ռազմարվեստից ոչ մի գիտելիք ու փորձ չունենալով՝ իրարամերժ հայտարարություններով ու ստերով զավեշտալի վիճակի մեջ է հայտնվում:

Կարճ ժամանակ առաջ էլ հայտարարում էր, թե Քարվաճառն ու Լաչինը Սերժ Սարգսյանի օրոք, միևնույն է, այդպես էլ իրենց չէին հանձնելու, իսկ այսօր թե՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին իրենից երկու շաբաթ է խնդրել զորքը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար:

Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում:

Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու այդպիսի «խնդրանքը» Ալիևը մինչև հիմա տարբեր առիթներով չի բարձրաձայնել սեփական լսարանի առջև ու գլուխ չի գովացել. այդ      գայթակղությանը հաստատապես և  ոչ մի դեպքում նա չէր դիմանա:

Իսկ ինչո՞ւ 2016թ. Սանկտ Պետերբուրգի բանակցային փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա:

Իսկ գուցե՞ նույն Ալիևը չէր 2016 թվականին իր կառավարության նիստում նեղսրտած հայտարարում. «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»:

Անպատախանտվությունը և ստախոսությունը ոչ քաղաքականության մեջ, ոչ պատերազմում և ոչ էլ ցանկացած այլ պարագայում ոչ ոքի երկարաժամկետ հատվածում դեռ օգուտ չեն բերել, վնասներ՝ որքան ասես»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել