Լևոն Արոնյանի նկատմամբ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ ԿԳՄՍՆ-ն չի կատարել․ ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը․ ԿԳՄՍ նախարարը՝ Արոնյանի՝ երկրից հեռանալու մասին |tert.am|
16:45 - 26 փետրվարի, 2021

Լևոն Արոնյանի նկատմամբ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ ԿԳՄՍՆ-ն չի կատարել․ ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը․ ԿԳՄՍ նախարարը՝ Արոնյանի՝ երկրից հեռանալու մասին |tert.am|

tert.am: Ես նման կարծիք չեմ լսել․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումայանը՝ անդրադառնալով շախմատիստ Լևոն Արոնյանի՝ ՀՀ-ից հեռանալու մասին հայտարարությանն ու հարցին՝ ո՞ր փորձագետներն ու ինչպե՞ս են եզրահանգել, որ Արոնյանն այլևս պոտենցիալ չունի։

Դիտարկմանը, թե Արոնյանն է այդ մասին հայտարարել, նախարարն արձագանքեց․ «Արոնյանին հարցրեք, ես տեղյակ չեմ»,-ասաց նա՝ խնդրելով նաև լրագրողներին հարցերը հստակ ձևակերպել․ «Ես կրթությամբ մաթեմատիկոս եմ, խնդրում եմ հստակ հարց, որ կարողանամ պատասխանել»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե ինքը նաև սպորտի նախարարն է, Դումանյանն արձագանքեց․«Այո, սպորտի նախարարն եմ, պատասխանում եմ»,-ասաց նա։

Հարցին՝ համարո՞ւմ է, որ ՀՀ-ն իշխանությունների մեղքով է կորցրել Արոնյանին, Դումանյանն արձագանքեց․

«Այս իշխանությունների մեղքով՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարությա՞ն։ Ոչ, չեմ համարում։ Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել, շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, և մենք բոլորս հպարտացել ենք իր նվաճումներով, ներկայացրել է Հայաստանը, զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել մեր լավ շախմատիստը, ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը, և կարող եմ ընդամենը մեկ բան փաստել՝ իմ ունեցած տվյալների հիման վրա՝ չկա որևէ պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել կամ հրաժարվել է կատարել»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ըստ Արոնյանի՝ 2018-ից ի վեր ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանացել, ԿԳՄՍ նախարարն արձագանքեց․ «Դա իր կարծիքն է։ Նախարարության  մասով բոլոր պարտավորությունները ոլորտի նկատմամբ կատարված են և կատարվում են առ այսօր»։

Հիշեցնենք, որ այսօր Լևոն Արոնյանը հայտնել է, որ հեռանում է Հայաստանից, և այսուհետ հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել