ԵՄ 27 անդամ պետությունները քննարկել են «կորոնաանձնագրերի» և պատվաստման գործընթացն արագացնելու հարցերը |tert.am|
10:44 - 26 փետրվարի, 2021

ԵՄ 27 անդամ պետությունները քննարկել են «կորոնաանձնագրերի» և պատվաստման գործընթացն արագացնելու հարցերը |tert.am|

tert.am: Եվրամիության 27 անդամ պետությունների ղեկավարները հինգշաբթի առցանց գագաթնաժողովի ընթացքում քննարկել են «կորոնաանձնագրերի» գաղափարը և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արշավն արագացնելու մոտեցումները, հայտնում է Greek City Times–ը:

Գագաթնաժողովի ընթացքում ԵՄ առաջնորդներն անդրադարձել են «կորոնաանձնագրերի» մասին համաձայնագրին, որը կարող է հեշտացնել օդային ճանապարհորդությունը: Հունաստանը, Իսպանիան և Իտալիան աջակցում են գաղափարին, այնուամենայնիվ, ԵՄ հյուսիսային գործընկերները, ինչպես օրինակ Գերմանիան, կասկածում են վկայագրերի արդյունավետությանը:

«Մենք քննարկել ենք պատվաստումների վկայականների հարցը: Պայմանավորվել ենք շարունակել մեր աշխատանքն ընդհանուր մոտեցման շուրջ: Անհրաժեշտ է ավելի շատ աշխատանք կատարել` թվայնացման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ուղղությամբ: Եվրոպական խորհուրդը կանդրադառնա այս հարցին», - ասել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վոն դեր Լեյենը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ միության չափահաս բնակչության 8 տոկոսն արդեն պատվաստվել է:

Եվրահանձնաժողովը գործարքներ է կնքել մի քանի ընկերությունների հետ՝ պատվաստանյութի ավելի քան 2 միլիարդ չափաբաժին ստանալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել