Մեր ազգն ունի իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի. Քերոբյանը քաղաքացիական պատերազմը հավանական չի համարում |armenpress.am|
13:37 - 25 փետրվարի, 2021

Մեր ազգն ունի իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի. Քերոբյանը քաղաքացիական պատերազմը հավանական չի համարում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Հանրապետության հրապարակում հավաքվում են քաղաքացիներ. հրապարակում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց՝ չի կարծում, թե քաղաքացիական պատերազմի մասին կարող է խոսք լինել: «Մեր ազգը ունի բավարար իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի»,-ասաց նա:

Հավաքված քաղաքացիներից մեկը կառավարության շենքի մոտից բարձրախոսով ասաց. «Համաձայն Սահմանադրության՝ ՀՀ զինված ուժերը պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն: Զինված ուժերը նաև գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, շատ-շատ նման է ռազմական հեղաշրջման փորձի: Եվ ՀՀ քաղաքացին դա թույլ չի տալու»:

Քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ թույլ չեն տալու, որ իրենց ձեռքից գողանան իրենց ընտրությունը: «Մենք 27 տարի տեսել ենք նրանց, մենք տեսել ենք նրանց վարած քաղաքականությունը, մենք տեսել ենք նրանց դղյակները: Հայաստանում վարչապետ ընտրվելու է օրինական ընտրությունների շնորհիվ՝ ՀՀ քաղաքացու ընտրության շնորհիվ, ուրիշ ոչ մի ճանապարհով վարչապետ չի ընտրվելու»,-ասաց քաղաքացին:

Հրապարակում կան նաև մարդիկ, որոնք դեմ են արտահայտվում իշխանությանը: Ժամանակ առ ժամանակ իշխանության աջակիցները և դեմ արտահայտվողները լեզվակռվի են բռնվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել