Ընդդիմությունը շատ լավ գիտի՝ ընտրությունների պարագայում իշխող ուժը հաղթանակ կտանի. Ալեն Սիմոնյան |armenpress.am|
14:39 - 23 փետրվարի, 2021

Ընդդիմությունը շատ լավ գիտի՝ ընտրությունների պարագայում իշխող ուժը հաղթանակ կտանի. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմությունը արտահերթ ընտրություններից հրաժարվել է, քանի որ գիտի՝ իշխող ուժը հաղթանակ կտանի: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«ՀՀ-ի ամբողջ տարածքով մեկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է: ՀՀ-ում որևէ ղեկավար իր պաշտոնավորման ընթացքում չի ունեցել նման վարկանիշ, ինչքան այսօր ունի Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ դա պարզ է դառնում ոչ միայն սոցհարցումներից, այլ նաև՝ ընդհանուր շփումներից, մարդկանց հետ հանդիպումներից: «Նույնիսկ ընդդիմությունը դա գիտի: Դա էր հիմնական պատճառը, որ ընդդիմությունը չհամաձայնեց գնալ նոր ընտրությունների, քանի որ ընդդիմությունը շատ լավ գիտի, որ նոր ընտրությունների պարագայում իշխող ուժը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մի քանի անգամ ավելի հարաբերակցությամբ հաղթանակ կտանի: Ես պնդում եմ, որ դա է եղել հիմնական պատճառը, որ ընդդիմությունը խուսափեց ժողովրդին հարցնելուց, թե Հայաստանի ապագայի հետ կապված իրենք ինչ կարծիք ունեն»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք մտահոգություններ չունե՞ն ընդդիմության կողմից հայտարարված հանրահավաքների առնչությամբ, այն առնչությամբ, որ քաղաքացիների թիվը կարող է կրկնապատկվել՝ Սիմոնյանը քաղաքացիների հետ կապված մտահոգություն ունենալը համարեց ամենասխալ բանը՝ շեշտելով, որ քաղաքացիներն են երկրի տերը: «Մենք 20 տարի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ հանրահավաք արեցինք, հիմա էլ ընդդիմության հանրահավաքները որևէ կերպ չեն խոչընդոտվում՝ ի տարբերություն անցյալի: Հիմա էլ մարդիկ կարող են հանրահավաքներ անել: Շատ ուրախ եմ, որ քաղաքական պրոցեսները շատ ավելի մեծ տեղ են գտել այսօր, քան օրինակ 2-3 ամիս առաջ»,-ասաց Սիմոնյանը:

Նա ցավալի համարեց, որ ընդդիմությունը չընդունեց իշխանության՝ նոր ընտրությունների գնալու առաջարկը և ընտրեց փողոցային պայքարի տարբերակը, սակայն շեշտեց, որ դա նրանց իրավունքն է: «Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ իրենց իրավունքը իրագործվի»,-նշեց Սիմոնյանը:

Միևնույն ժամանակ Սիմոնյանն ասաց, որ իշխանությունը օրենքի շրջանակում պահպանելու է Հայաստանի Հանրապետությունում կարգ ու կանոնը և օրինականությունը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները մի քանի շարքով կանգնում կառավարական շենքերի մոտ, իշխանության մոտ վախի զգացո՞ւմ կա, Սիմոնյանն ասաց, որ դա արվում է բնականոն աշխատանքն ապահովելու համար: Խոսելով այն մասին, թե ինչու նախկինում այդպես չէր, նա ասաց, որ նախկինում ընդդիմության լիդերների կողմից ծայրահեղ հայտարարություններ չէին հնչում, բռնության կոչեր չէին լինում: «Բնականոն աշխատանքն ապահովելու, ինչպես նաև ընդդիմության բնականոն գործունեությունը՝ ցույցերի և հավաքների միջոցով իրենց իրավունքն իրագործելու առումով ոստիկանությունը ապահովում է կարգ ու կանոնը»,-ասաց Սիմոնյանն ու շնորհակալություն հայտնեց ոստիկանության աշխատակիցներին՝ լավ աշխատանքի համար, որ որևէ մեկը չի տուժել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել