Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|
16:46 - 22 փետրվարի, 2021

Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու։ Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը։

«Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Մեր երկիրն այն վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը։ Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը պահում է ոչ թե շենքերը, այլ պետականությունը և նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»,- նշել է Քոչարյանը։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակով առաջարկել էր ապստամբությամբ վերցնել իշխանությունը․ «Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»,- ասել էր Մանուկյանը: Նշենք, որ այս հայտարարության առնչությամբ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։

Անդրանիկ Քոչարյանը կարծիքով՝ Վազգեն Մանուկյանի ելույթը նույնությամբ կրկնում էր նոյեմբերի 10-ի գործողությունների քաղաքական առաջադրանքը։

«Նոյեմբերի 10-ին կայծակնային արագությամբ Ազգային ժողովի և Կառավարության շենքերը գրավեցին, հետո՞, մյուս օրը ի՞նչ արեցին։ Պարզապես հարվածի տակ ընկան այն մարդիկ, որոնք չգիտես ինչի, ում հրամանով դուրս էին եկել, գրավում էին շենքերը։ Հիշա շատ կարևոր է ճշտել, թե այդ հրահանգը որտեղից եկավ, ոնց էդ հրոսակախմբերը մի վայրկյանում, դեռ չհրապարակված հրադադարի փաստաթուղթը, նրանք արդեն պատրաստ գիտեին՝ ուր պետք էր գնալ և ում ման գալ։ Վազգեն Մանուկյանի ելույթը նույնությամբ կրկնում էր այդ գործողությունների քաղաքական առաջադրանքը։ Դա պետք է մերժել»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել