ԱՀ ԱԺ-ում տեղի է ունեցել «Էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկա» թեմայով քննարկում
17:36 - 22 փետրվարի, 2021

ԱՀ ԱԺ-ում տեղի է ունեցել «Էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկա» թեմայով քննարկում

Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ և արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանի ղեկավարությամբ խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում «Էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկա» թեմայով:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նշեց, որ թեմային առնչվող դրույթները կազմվել են՝ հաշվի առնելով պատգամավորների՝ 2021թ պետական բյուջեի նախագծի քննարկմանը հնչեցրած առաջարկները:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի գծով բաժնի պետ Լևոն Գաբրիելյանը հանդես եկավ ներկայացվող թեմայի զեկույցով, որով առաջարկվում է կիրառել էներգախնայողության հետևյալ տարբերակները.

 
 

1. Լուսադիոդային LED լամպեր. լամպերի կապիտալ ներդրման նպատակն է բնակչությանը տեղեկացնել մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով տնտեսումների հնարավորության մասին: Այս լամպերը ծախսում են 10 անգամ քիչ էլեկտրաէներգիա, օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է, էլետրաէներգիայի վճարը կրճատվում է 30-60 տոկոսով: Ըստ այդմ 1 լուսադիոդային լամպը 36 ամսվա ընթացքում առնվազն տնտեսում է 24 000 ՀՀ դրամ:

2. Ջրատաքացուցիչներ. շահագործման նպատակը արևային տեխնոլոգիաների զարգացումն է( ջրատաքացման ծախսերի կրճատումը կկազմի տարեկան մոտ 120 000 դրամ):

3. Արևային ֆոտովոլտային վահանակներ. էլեկտրական համակարգը թույլ է տալիս արտադրել հոսանք մաքուր, անվտանգ և անաղմուկ եղանակով, ինչի շնորհիվ կփոխհատուցվեն հոսանքի ծախսերը և նվազագույնի կհասնի կախվածությունը էլեկտրահամակարգից:

4. Power backup ( ակումլյացիոն համակարգեր) .համակարգերը արևային վահանակների հետ համատեղ կիրառմամբ համայնքներում կարող են ապահովել էլեկտրաէներգիայի անխափան սնուցումը վթարների դեպքում:

Առաջարկվող տարբերակները հիմնականում նախատեսվում են իրականացնել չգազաֆիկացված համայնքներում: Ջրատաքացուցիչների ծրագիրը կիրականացվի առավելապես գյուղական համայնքներում:

Պատգամավորները ողջունեցին ոլորտի պատասխանատուների կողմից էներգախնայողության նպատակով առաջադրած տարբերակները, ստացան թեմայից բխող մտահոգիչ հարցերի պատասխանները:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրեց, որ առաջիկայում խորհրդարանականների քննարկմանը կներկայացվեն նաև նախարարության ենթակայության տակ գտնվող ոլորտների խնդրահարույց թեմաներ, իսկ այսօրվա առաջարկները կներկայացվեն կառավարության որոշմանը:

Նիստին ներկա էին նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և փոխնախագահ Գագիկ Բաղունցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել