Կառավարությունն առաջարկում է վերանայել դատարան դիմելու համար պետական տուրքերի գործող դրույքաչափերը. ԱԺ ՄԻ պաշտպանության հանձնաժողովը կողմ էր |1lurer.am|
15:21 - 22 փետրվարի, 2021

Կառավարությունն առաջարկում է վերանայել դատարան դիմելու համար պետական տուրքերի գործող դրույքաչափերը. ԱԺ ՄԻ պաշտպանության հանձնաժողովը կողմ էր |1lurer.am|

1lurer.am: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը:  

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոփոխվել, սակայն այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ, մասնավորապես, ըստ նրա, փոխվել են ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, կենսապահովման զամբյուղի չափերը և այլն:  

Փոխնախարարի խոսքով՝ դիտարկելով պետության կողմից դատարանների վրա ծախսված գումարը և հավաքագրվող պետական տուրքերը՝ 4-5 անգամ տարբերություն է նկատվում: Նա տեղեկացրեց, որ 2018-ին փաստացի ծախսերը կազմել են 9 մլրդ դրամ, եկամուտները՝ 1 մլրդ դրամ, 2019-ին փաստացի ծախսերը կազմել են 12 մլրդ դրամ, եկամուտները՝ մոտ 2 մլրդ դրամ, նույն ցուցանիշներն են նաև 2020-ին: Դանիելյանն ասաց, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք երկրներում պետական տուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում: 

Նախարարի տեղակալը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները, թե պետական տուրքի ինչ նոր դրույքաչափեր են սահմանվում դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար: 

«Առաջին ատյանի դատարան դրամական պահանջերով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Գործող օրենքով այդ սահմանափակումը չի եղել:

Սահմանվել է նաև 15 մլն դրամ Վերաքննիչ դատանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Փոփոխությունը կատարվել է՝ համեմատելով նվազագույն սպառողական զամբյուղի հետ: 

Սահմանվել է նաև դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափ՝ 6000 դրամ:   

Արբիտրաժի վճռի կատարողական թերթի համար արտոնություն է սահմանվել՝ այսուհետ գումար չի գանձնվելու, մինչդեռ գործող օրենքով գանձվում էր որոշակի գումար: 

Պետական տուրքից ազատվում են նաև հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումների դեպքում:

Պետական տուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր են նախատեսվել, երբ, օրինակ, Վերաքննիչ դատարանը մերժում է հայցը և այլն»,- նշեց նա:  

Վահե Դանիելյանը վստահեցրեց, որ սահմանված նոր դրույքաչափերը քաղաքացիներին չեն զրկում դատարանի մատչելիությունից, հակառակը՝ կբացառվեն չարաշահումների դեպքերը:

«Պետական տուրքը դատարանների ծախսերի ապահովումն ու անհիմն հայցերից պաշտպանվածությունն է: Հետևաբար պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացու չէ: Երբ պետական տուրքը չհիմնավորված ցածր է, քաղաքացիներն ավելի չպաշտպանված են, քանի որ իրենց դեմ կարող են չհիմնավորված հայցերով դատարան դիմել: Նոր դրույքաչափերի սահմանումը կթոթափի նաև դատարանների ծանրաբեռնվածությունը և ողջամիտ ժամկետ կսահմանվի այն քաղաքացիների հայցապահանջների համար, որոնք արդարացիորեն դիմել դատարան իրենց իրավունքների վերականգնման համար»,- ընդգծեց փոխնախարարը: 

Այս նախագծի համար ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը գլխադասային չէ, ուստի նրա կարծիքը միայն խորհրդատվական է, նախագծի ճակատագիրը կորոշի ԱԺ պետա-իրավական հանձնաժողովը չորեքշաբթի կայանալիք նիստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել