Վերաիմաստավորելով Հայաստանի տնտեսական և բիզնես մոդելները |hetq.am|
10:45 - 22 փետրվարի, 2021

Վերաիմաստավորելով Հայաստանի տնտեսական և բիզնես մոդելները |hetq.am|

hetq.am: Հայաստանի տնտեսական զարգացման ավանդական մարտահրավերների մասին շատ բան է գրվել. ենթակառուցվածքների կարիք, էներգետիկ անվտանգություն, արտահանման խթանում, գյուղատնտեսության զարգացում, այնպիսի առանձնահատուկ ոլորտների շեշտադրում, ինչպիսին ՏՏ-ն է, օտարերկրա ուղղակի ներդրումներ, բիզնեսի համար հասանելի վարկավորում և այլն: Մինչ այս խնդիրները շարունակում են կարևոր լինել, կան ավելի խորը ու անչափելի մարտահրավերներ, որոնք հաճախ անտեսվում են մասնագիտական խոսույթում՝ թե՛ հայկական հետազոտական ջանքերում, թե՛ միջազգային այնպիսի կազմակերպությունների հրապարակումներում, ինչպիսին են Համաշխարհային բանկը և ԱՄՀ-ն:

Առանց թերագնահատելու ավանդական թեմաների կարևորությունը, այս փաստաթուղթը կկենտրոնանա մի քանի առանցքային, ոչ նյութական գործոնների վրա:

Անչափելի մարտահրավերների մեծ մասը վերաբերում է այն միջոցներին, որոնք միտված են հավասարակշռելու Հայաստանի տնտեսության՝ իր առևտրային գործընկերների համեմատ փոքր չափը: Հայաստանի նման փոքր երկրներում, ասենք 10 միլիոնից պակաս բնակչությամբ՝

  • թույլ տնտեսությունը և անմրցունակ կրթական համակարգը չեն կարող նպաստել ուժեղ ԶՈՒ-ին,
  • աղքատ տնտեսությունը չի կարող նպաստել ուժեղ կրթական համակարգին,
  • նորարարության պակասն ու թույլ կրթական համակարգը չեն կարող նպաստել ուժեղ տնտեսությանը,
  • տնտեսական վատ հնարավորությունները և դանդաղ աճը չեն կարող նպաստել ներգաղթի աճին,
  • բնակչության դանդաղ աճն (կամ նվազումը) իր հերթին խեղդում է տնտեսական աճը՝ սկսելով արատավոր շրջան:

Այնուամենայնիվ, միայն այն հանգամանքը, որ Հայաստանը փոքր երկիր է՝ շրջապատված վատ հարևանությամբ, չի նշանակում, որ այն պետք է շարունակի տնտեսապես թույլ լինել: Թեև փոքր պետությունները չունեն մասշտաբային տնտեսության առավելություն, որն ունեն ավելի մեծերը, նրանք կարող են շատ ավելի ճկուն ու հարմարվող լինել և ավելի սակավ ու կառավարելի սոցիալական մարտահրավերների բախվել: Փոքր չափը հավասարակշռելու ապացուցված ճանապարհը (1) աշխատուժի և կապիտալի բարձր և աճող արդյունավետությունն է, (2) տնտեսության տարբեր ոլորտների ներդաշնակեցումը՝ համազդեցություն (synergy) և դրական տնտեսական արտաքին փոխազդեցություններ ստեղծելու նպատակով, (3) տեխնոլոգիական նորարարությունը (արտադրողականության հիմնական խթանը)՝ հետազոտությունների և զարգացման (R&D) ոլորտում հետևողական ներդրումներով, (4) ապրանքների և ծառայությունների արտադրության և բաշխման համակարգերում արդյունավետության ստեղծումը:

Սույն հոդվածի շարունակությունը նվիրված է տարբեր անչափելի գործոնների ավելի ընդհանուր նկարագրությանը, քան մանրամասն վերլուծությանը, որոնք ուղղակի կամ անուղղակի նպաստում են վերոնշյալ չորս միջոցների խթանմանն ու իրականացմանը:

Ճկուն և հոսուն համակարգ

Միջոցներից մեկը, որը հազվադեպ է քննարկվում, բայց չափելի աճի ու զարգացման թիրախներին հասնելու կարևոր նախապայման է, ճկուն և հոսուն համակարգի անհրաժեշտությունն է: Ստեղծարարությունն ու նորարարությունը խթանելու համար համակարգային կարծրատիպերը, գործընթացներն ու աստիճանակարգային հարաբերությունները պետք է մեղմվեն: Մտքերը պետք է ազատ տեղաշարժվեն կազմակերպությունների և ոլորտների բոլոր պաշտոնյաների միջև: Յուրաքանչյուր գործընթացի յուրաքանչյուր քայլ, լինի դա բիզնեսում, կրթության, կառավարության, հետազոտությունների, թե ռազմական ոլորտներում, պետք է նոր կրթական փորձառություն և կատարելագործվելու հնարավորություն ընձեռի: Դրան հասնելու համար համակարգերի, ընթացակարգերի և կառավարման պրակտիկայի համահարթեցումը (standardization), ինչպես նաև արմատացած և մեքենայաբար կրկնվող սովորույթները պետք է շրջանցել և հետզհետե վերացնել, քանի որ համահարթեցումի սահմանումն ինքնին քիչ հնարավորություն է թողնում վերանայումների, քննադատության և շարունակական բարելավման համար: 

Այս համատեքստում արտոնյալների առկայությունը վնասակար է: Դրանք խեղդում են հոսունությունն ու դինամիզմը որի վրա խարսխված են աճին միտված համակարգերը: Առանց կիրառվող ճկուն և հոսուն համակարգերի դինամիկայի Հայաստանի նման փոքր պետությունները չեն կարող մրցակցել որևէ ոլորտում, հատկապես՝ տնտեսական և ռազմական:

Եվ այնուամենայնիվ, որոշ բացառություններով այս հարցը եղել է և շարունակում է մնալ Հայաստանը խորտակող խնդիրներից. կարծրացած աստիճանակարգային համակարգեր ինչպես կառավարության մեջ, այնպես էլ մասնավոր հատվածում, որտեղ որոշումների կայացումը կենտրոնացված է վերևում, ըստ էության, առանց ստեղծագործ գաղափարների հոսքի՝ հատկապես ցածր օղակների երիտասարդ մասնագետներից:

Համազդեցություններ (synergies)

Սահմանափակ մարդկային և բնական ռեսուրսները կարող են փոխհատուցվել միայն բարձր արդյունավետությամբ, արտադրողականությամբ, նորարարությամբ և ստեղծարարությամբ: Բայց նույնիսկ այս գործոնները, որքան էլ կարևոր են, բավարար չեն փոքր տնտեսության ներուժը առավելագույնի հասցնելու համար: Անհրաժեշտ են նաև միջոլորտային համազդեցություններ, որի դեպքում մի ոլորտի առաջընթացից շահում են մյուս ոլորտները: Օրինակ՝ եթե տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի առաջընթացը դուրս չի գալիս իր ոլորտի շրջանակներից, այն նպաստ չի բերի տնտեսության մյուս ճյուղերին. բարձր արդյունավետություն ստեղծվում է այն համակարգում, որը նպաստավոր է տեխնոլոգիական առաջընթացը տարբեր ոլորտների արտադրողականության աճին ծառայեցնելու և ստարտափների զարգացման առումով՝ դրանով իսկ խթանելով ընդհանուր տնտեսական աճ: Այն պետք է նաև բերի կապիտալի ավելի մեծ ներհոսքի, կայուն առևտրի, երկրի միջազգային հեղինակության և վարկանիշի բարելավման և, համապատասխանաբար, ավելի լավ դիվանագիտական հարաբերությունների և պաշտպանական կարողությունների:  

Փոքր երկրները պարզապես չեն կարող իրենց թույլ տալ համաժամանակյա բազմաթիվ ջանքերի գործադրում տարբեր ռազմավարական կարիքների բավարարման համար, ոչ էլ կարող են իրենց թույլ տալ ծայրահեղ նեղ մասնագիտացման շքեղություն: Գուցե «գերազանցության կղզիների» ստեղծումը օգտակար է սկզբի համար, բայց չի բերի որևէ շարունակական ազգային առաջընթացի, եթե այդ կղզիներն ինտեգրված չեն ավելի լայն տնտեսությունների՝  ապահովելով ուղղակի օգուտներ և ունենալով  բազմապատկման ազդեցություն մյուս ոլորտների համար: Նկարագրված ինտեգրացիան և սինքրոնիզացիան խթանելու համար մասնավոր հատվածի մասնագետները (ինչպես նաև զինծառայողները) պետք է հմուտ լինեն շատ հարցերում, քան խիստ մասնագիտացած մի գործում. դա այն է, ինչը հնարավորություն կտա նրանց հասկանալու տրված տեխնոլոգիական նորարարության կիրառման կարևորությունն իրենց ոլորտի համար: Միջմասնագիտական մոտեցումներն ու լուծումները այս գործընթացում մեծ կարևորություն ունեն: Սա լավագույն ճանապարհն է մի ոլորտի հաջողությունները մյուս ոլորտների վրա տարածելու համար՝ այդպիսով երաշխավորելով, որ ամբողջը միշտ ավելի մեծ է, քան դրա մասերի պարզ գումարը:

Միջոլորտային համազդեցությունների ձևավորման ճանապարհներից մեկը տնտեսական փոխկապակցված խմբավորումների զարգացումն է (բիզնես կլաստերներ): Այն պետք է հանգամանորեն ուսումնասիրել և հարմարեցնել Հայաստանի տնտեսական լանդշաֆտին: Ակնհայտ օրինակներ են՝ (1) գյուղատնտեսություն-անասնապահություն-վերամշակված սննդի արտադրություն-վերամշակված և չվերամշակված գյուղատնտեսական ապրանքների արտահանում, (2) փոխկապակցված ՏՏ և տեխնոլոգիական գործունեություն, ինչպես Սիլիկոնային հովտում, (3) տարաբնույթ հետազոտական և զարգացման, ռազմական և քաղաքացիական նշանակության հանգույցներ, (4) հանքարդյունաբերության տարբեր ծրագրերի ամբողջական արժեքային շղթա: Ցավոք, այսօր Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը սահմանափակվում է հանքանյութերի արդյունահանմամբ և արտահանմամբ: Դա զգալի արժեք է փոխանցում արտասահմանյան զտողներին և վերամշակողներին: Հանքարդյունաբերության ամբողջական արժեքային շղթան ներառում է վերամշակման տեխնոլոգիաներ և օժանդակ ծառայություններ՝ վերամշակում, բաշխում և պատրաստի ապրանքի մարքեթինգ, որոնք իրենց հերթին ստեղծում են տնտեսական ակտիվության մեկ այլ փոխկապակցված հանգույց: Նման խմբավորումները ոչ միայն ունեն ներքին ամուր համազդեցություն և արդյունավետություն, այլև դրանք ստեղծում են դրական արտաքին ազդեցություն՝ ոլորտում կուտակված փորձառությունն (տեխնիկական, ինչպես նաև մարքեթինգային գործիմացություն (know how) այլ ոլորտներում կիրառելու միջոցով:

Մենաշնորհներ

Մենաշնորհները մեկ այլ հիմնական խոչընդոտ են ճկունության, հոսունության ու զարգացման ճանապարհին: Հետխորհրդային օլիգարխիկ համակարգը հիմնված է մենաշնորհների վրա: Մենաշնորհների և կառավարության, հաճախ նույնիսկ մենաշնորհների և լայն հանրության միջև համակեցային (symbiotic) հարաբերությունները, որը սովորել է օլիգարխիկ համակարգի կողմից մատակարարվող ապրանքներին և ծառայություններին, բարեփոխումների բոլոր ջանքերը դարձնում են մեռելածին: Մենաշնորհները տեղ չունեն դինամիկ, ճկուն, հոսուն, նորարարահեն տնտեսություններում (ինչի պատճառով նրանք պայքարում են բարեփոխման ցանկացած փորձի դեմ): Տնտեսության մեջ մասնակցության ցածր աստիճանը մեքենայաբար սահմանափակում է դինամիկան ու ստեղծարարությունը: Իսկ ցածր մասնակցությունն ավելի մեծ ռիսկ է, քան եկամտի անհավասարությունը, քանի որ ռեսուրսների փոքր տոկոսն իր վրա է կրում տնտեսական աճի ողջ բեռը՝ խզումներ առաջացնելով սոցիալ-տնտեսական համակարգում:

Առնվազն պետք է վերացնել բոլոր մենաշնորհային արգելքները նոր բիզնեսների և ընկերությունների համար: Առկա մենաշնորհներին չպետք է թույլ տալ գերիշխել զարգացող ոլորտներում: Պետք է հնարավորություն տալ ժամանակակից, նորարարահեն տնտեսությանը ծաղկելու և գերազանցելու ավանդական մենաշնորհային ոլորտներին՝ առանց որևէ միջամտության կամ խոչընդոտների: Բոլոր այլ օգուտներից զատ, այն նաև նշանակալի ներդրում կունենա աշխատատեղերի ստեղծման գործում. տնտեսությունների մեծ մասում, նոր աշխատանքային հնարավորությունների հիմնական աղբյուրը մինչև 5 տարեկան ընկերություններն են:

Նորարարություն

Հարստության ստեղծման հիմնական շարժիչ ուժը պետք է լինեն ոչ միայն առևտուրը, ֆինանսները և այլ այնպիսի ծառայությունների ոլորտները, ինչպիսին են զբոսաշրջությունը, հյուրանոցային կամ ռեստորանային բիզնեսը, այլև գյուտարարությունն ու նորարարությունը: Վերջիններս նախորդների համեմատ տնտեսության վրա ունեն գերազանց բազմապատկիչ ազդեցություն: Նորարարությունն ու գյուտարարությունը խթանելու համար պարտադիր են հետազոտություններին ու զարգացմանը (R&D) հատկացվող միջոցները: Հաջողակ փոքր երկրները իրենց ՀՆԱ-ի անհամաչափ մի մեծ մասնաբաժին հատկացնում են  R&D-ին, որը հաճախ գերազանցում է ՀՆԱ-ի 3%-ը:

R&D-ում հաջողությունների առևտրայնացումը մեկ այլ մարտահրավեր է: Կառավարությունը պետք է մեխանիզմ ստեղծի նորաստեղծ, բարձր ռիսկայնություն ունեցող ընկերություններին ֆինանսավորելու համար: Ստարտափներին պետք է դրամաշնորհներ տալ և ինչ-որ մեխանիզմներով վենչուրային կապիտալը:  Կառավարությունը պետք է ջանքեր գործադրի օտարերկրյա զարգացման ֆոնդերից կառավարության կողմից աջակցություն ստացող ընկերություններին ֆինանսավորում բերելու համար՝ նպատակ ունենալով առևտրայնացնելու ակադեմիական և գիտական գյուտերը, ռազմական R&D-ի արդյունքները ծառայեցնելու քաղաքացիական նպատակներին և հակառակը: Գյուղատնտեսական ոլորտը պետք է ծաղկի նման տեխնոլոգիահեն տնտեսության պայմաններում: Փոքր ու միջին ընտանեկան գյուղացիական տնտեսությունները պետք է լինեն նորարարության և գյուտերի հիմնական շահառուները:

Ավելորդ է ասել, որ կրթական համակարգը պետք է ընդգրկվի և աջակցի այս գործընթացին: Բայց դա մեկ այլ հոդվածի թեմա է:

Շուկայահատված մատակարարման շղթայում

Գլոբալ մակարդակում ավելի ծանրակշիռ արդյունքների հասնելու համար Հայաստանը պետք է համաշխարհային մատակարարման շղթայում յուրահատուկ տեղ գտնի կրիտիկական արտադրական շղթայում անփոխարինելի դառնալու համար: Ռազմավարական կարևորության հանքանյութերի, օրինակ՝ նավթի և գազի կամ հազվագյուտ մետաղների մատակարարումն այդպիսի հնարավորություն է դարձել որոշ զարգացող երկրների համար: Հայաստանի համար այդ շուկայահատվածը հասանելի պետք է դառնա տեխնոլոգիաների և նորարարության միջոցով, այսինքն՝ ամբողջ աշխարհում կարևոր արդյունաբերական միավորներին մատակարարել տեխնոլոգիապես գերազանց մասեր:  Դա կարող է լինել առողջապահության ոլորտում, կամ առաջատար ռոբոտաշինության և հաղորդակցությունների ոլորտում, նույնիսկ վերականգնվող էներգետիկայի արտադրության տեխնոլոգիաների ոլորտում: Հայաստանի կառավարության՝ տնտեսական և առևտրային քաղաքականության համար պատասխանատու մասնագետները պետք է ջանքերը միավորեն մասնավոր հատվածի գիտության և տեխնոլոգիաների համայնքի հետ և ուղղորդեն գործընթացը: Ամենակարևորն այստեղ մշտապես խաղի առաջատարը լինելն է, շարունակական վերաստեղծումն ու նորարարությունը. Հայաստանը պետք է լինի մեկը, որի սեփական տեխնոլոգիական նորարարությունները հնանում են իր իսկ կողմից դրանց կատարելագործման արդյունքում, մինչ դա կանեն մյուսները: Դա կապահովի Հայաստանի տեղը նշյալ շղթայում:

Սփյուռքը

Անկախությունից ի վեր՝ Սփյուռքը թերօգտագործված ռեսուրս է: Անհրաժեշտ է հրապուրիչ մթնոլորտի ստեղծման և վստահության կառուցման մեծ արշավ սկսել, հատկապես հիմա՝ վերջին պատերազմի բարոյալքող պարտությունից և անսահման կորուստներից հետո: Ուղեղների արտահոսքը պետք է դարձնել երկկողմանի ուղի: Նրանք, ովքեր հեռանում են, պետք է խթան ունենան վերադառնալու՝ ձեռք բերած լինելով արժեքավոր փորձառություն և գիտելիք արտասահմանյան հատուկ ինստիտուտներում և հետազոտական կենտրոններում:

Կառավարությունը պետք է իրազեկման ծրագիր մեկնարկի, որի թիրախում կլինեն այնպիսի ընկերությունների հայ մասնագետները, ինչպիսին են Microsoft, Google, Apple, Facebook, IBM, Intel, Oracle  և շատ այլ ընկերություններ նաև Ռուսաստանում, Եվրոպայում և Ասիայում, և գտնել իմաստալից ձևեր նրանց Հայաստանի հետ շաղկապելու համար: Սփյուռքում բացի տեխնոլոգիաների ոլորտից, կարելի է տաղանդներ փնտրել ուսուցիչների, իրավական փորձագետների, վենչուրային կապիտալիստների շրջանակներում, կարևորել դիվանագիտական հմտությունները, ռազմական հետազոտություններն ու զարգացումը, հետախուզական ծառայությունը (թոշակի անցած ծառայողներ):

Ուղեղների երկկողմանի տեղաշարժը պետք է առաջնահերթություն լինի տեխնոլոգիահեն տնտեսության համար: Բնական ռեսուրսներից աղքատ, դեպի ծով ելք չունեցող, վատ հարևանությամբ երկրի համար իրական արժեքը մտավոր տաղանդն է, որը գլոբալ առումով Հայաստանը վատնել է:  Վերաբնակեցումն ու բնակեցումը պետք է կառավարության քաղաքականության կենտրոնում լինեին անկախությունից անմիջապես հետո, բայց, փոխարենը, Հայաստանի բնակչությունը վերջին 30  տարիներին միայն նվազել է: Բնակչության նվազման պատճառներն են վատ տնտեսական պայմանները, ավելի վատ հնարավորությունները, անբուժելի կոռուպցիան և սոցիալական անարդարությունը և երբեմն նույնիսկ կառավարության նպատաուղղված խրախուսանքը՝ հանրային անկարգություններից խուսափելու համար. բոլորը իշխող օլիգարխիկ համակարգի, պետականության զգացումի և մշակույթի բացակայության ուղղակի հետևանքներ են: 

Ժողովրդագրություն

Անկախությունից ի վեր՝ Հայաստանի և Արցախի վերջին 26  տարիների ամենամեծ ձախողումներից մեկը Հայաստանի բնակչության նվազումն է և Արցախի բնակչության աննշան աճը՝ չնայած Մերձավոր Արևելքի հայ համայնքների մեծ տեղաշարժերին: Հիմա՝ պարտությունից հետո, մարտահրավերը շատ ավելի բարդ է, բայց միաժամանակ՝ շատ ավելի կարևոր: Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն այսօր պետք է որդեգրեն մտածված վերաբնակեցման ռազմավարություն: Հայաստան նորեկներին, ներառյալ՝ նրանց ոչ հայ ընտանիքի անդամներին, պետք է շնորհվի կացության իրավունք, քաղաքացիություն և, ըստ անհրաժեշտության, արտոնություններ՝ որպես Հայաստանը և Արցախը բնակեցնելու արշավի մի մաս: Սա պետականաշինության և պետականության անբաժանելի մասն է:  Ներգաղթի ալիքը դրական կազդեր և կխթաներ վենչուրային կապիտալի ներհոսքը Հայաստան:

Պետությունը փրկելու համար Հայաստանի կառավարությունը պետք է օգտագործի գլոբալ հայկական ներուժը, եթե նույնիսկ դա նշանակում է կիսվել իշխանությամբ: Իշխանությունը կիսելու դժկամությունը եղել է ապակառուցողական, հետխորհրդային, օլիգարխիկ պաշտպանական մեխանիզմ, որը շատ թանկ է նստել Հայաստանի պետության վրա: 

Ոչխարի կերպարանքով գայլը

Ամեն ինչից առավել Հայաստանը պետք է խուսափի այն մերկանտիլիստական գաղափարից, որ սահմանների բացումն ինքնին կխթանի տնտեսական աճը: Մեր առջև կանգնած ամենավտանգավոր «ոչխարի կերպարանքով գայլը» Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու առաջարկն է, տրանսպոտային ուղիների ապաշրջափակումը և առևտրի ազատականացումն ու խաչաձև ներդրումները՝ մինչև որևէ առաջընթացի արձանագրումն ավելի կարևոր քաղաքական և ռազմավարական հարցերում: Դա կարող է որոշ շրջանակների մոտ կեղծ տնտեսական սպասումներ ստեղծել, բայց դա կոչնչացնի Հայաստանի զարգացման և մրցունակության հեռանկարները, հատկապես եթե տեղական արտադրողները պաշտպանված չլինեն թուրքական ներկրումներից, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները թույլտվություն ստանան հող գնելու Հայաստանում: Լավագույն դեպքում, այդ քաղաքականությունը կհարստացնի մի շարք մենաշնորհյալների, որոնք թուրքական ապրանքներ են ներկրում, միաժամանակ աղքատացնելով և տնտեսապես անդամալույծ դարձնելով երկրի մյուս հատվածին:

Բայց, առաջին հերթին, մենք կառավարության կարիք ունենք

Եթե այս ոչ ակնհայտ խնդիրները հասցեագրվեն և լուծվեն առաջին պարբերության մեջ թվարկված ավանդական մարտահրավերների հետ համատեղ, դրանց արդյունավետությունը շատ ավելի մեծ կլինի: Առանց կարգավորելու ոչ նյութականը՝ ավանդական միջոցները, չնայած դրանց յուրովի օգտակարությանը, չեն հանգեցնի Հայաստանի տնտեսական կարողությունների մեծածավալ, համազգային թռիչքի. այն, ինչի կարիքը մենք ունենք պատերազմից հետո:

Անշուշտ, վերոնշյալի համար առաջնային նախապայման է արդյունավետ պետությունը: Շոշափելով որևէ գլոբալ հաջողության պատմություն՝ մենք կհասկանանք, որ դրա հետևում առկա է լավ կառավարություն՝ ուժեղ փոխադարձ զսպման և հավասարակշռման համակարգ, թափանցիկություն, հաշվետվողականություն և օրենքի գերակայություն: Թղթի վրա Հայաստանն ունի բոլոր կարևոր կառույցները (օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ճյուղերը), ինչպես նաև անհրաժեշտ օրենքների և կարգավորումների մեծամասնությունը, բայց գործնականում դրանցից ոչ մեկը չի աշխատում այնպես, ինչպես հարկն է: Անկախությունից ի վեր՝ թույլ զսպման և հավասարակշռման համակարգը մեր հիմնական խնդիրներից է: Դատական համակարգը երբևէ իսկապես անկախ չի եղել: Միջին հայ քաղաքացին որևէ հնարավորություն չունի հաղթելու ՀՀ դատարանում իրենից քաղաքական առումով ավելի ազդեցիկ կամ հարուստ մեկին: Սա խաթարել է հանրային վստահությունը կառավարման համակարգի հանդեպ: Նախագահների, իսկ հետո արդեն վարչապետի իշխանությունը գրեթե բացարձակ է, հատկապես եթե վերջինիս կուսակցությունն ունի  խորհրդարանական մեծամասնություն: Այդպիսի գործադիր իշխանությունը կոռումպացված է: Եթե դրան հավելենք կառավարման մեջ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, աղետալի պատկեր ենք ունենում:

Չկա այլընտրանք իսկապես գործունակ, նվիրված կառավարությանը՝ հարյուր տոկոսով հավատարիմ Հայաստանի պետականությանը, որը ուժեղ, պաշտպանունակ և համաշխարհային մակարդակում մրցունակ երկիր և տնտեսություն ստեղծելու տեսլական ու նպատակադրում ունի: Որքան էլ տարօրինակ է, բայց սա մարտահրավերի ամենաէժան, բայց միաժամանակ ամենաբարդ մասերից է: Դրա համար պետք են մի խումբ մարդիկ՝ առաքելության համահունչ գիտակցմամբ, ջանքեր գործադրելու և ի վերջո հանրության հավանությունը ստանալու համար: Հաշվի առնելով հայ հասարակության հիասթափությունն ու հուսալքությունը նախկին ու ներկա վարչակազմերից՝ ժամանակն է նոր ձայնի ու նոր տեսլականի: Գուցե ճիշտ կլիներ նաև նոր սոցիալական համաձայնություն կնքել հիմնական ընտրողների և քաղաքական ուժերի միջև, որոնք գուցե վերջապես գիտակցեն, որ բոլորն են շահում ավելի մեծ «կարկանդակից»: Եթե բոլոր քաղաքական ուժերն աշխատեն մեծացնել ազգային «կարկանդակը»՝ իրենց սեփական կտորի մասին մտածելու փոխարեն, Հայաստանը նյութապես այլ երկիր կդառնա:  Միայն արդյունավետ պետությունը կարող է առաջնորդել այս գործընթացը ոչ միայն տնտեսական և բիզնես ոլորտներում, այլև այնպիսի կենսական կարևոր ոլորտներում, ինչպիսին են կրթությունն ու հանրային առողջությունը:

Հայաստանի քաղաքական տնտեսությունն այնպես պետք է վերափոխվի հետօլիգարիխիկ վիճակից, որպեսզի տեղավորվի երկրի յուրահատուկ սոցիալ-տնտեսական և քաղաքական լանդշաֆտում՝ հարաբերությունների նոր շարժընթաց ստեղծելով մասնավոր հատվածի և պետության միջև: Գոյություն ունեցող մոդելները՝ լինեն դրանք ինքնակարգավորվող թե կենտրոնամետ համակարգեր կամ անգամ որոշ եվրոպական կամ ասիական երկրներից վերցրած հատուկ խառը համակարգեր, դրանք չեն կարող նույնությամբ և ամբողջությամբ ներդրվել՝ առանց Հայաստանում սոցիալ-տնտեսական ցնցումներ առաջացնելու: Կառավարությունը պետք է ճիշտ դերակատարում ունենա՝ Հայաստանի յուրահատուկ պայմաններին համապատասխան, երբ այն անհրաժեշտ մակրոտնտեսական միջավայր է ապահովում մասնավոր հատվածի բարգավաճման համար՝ միաժամանակ պահպանելով հանրային հատվածի եզակի ապրանքներն ու ծառայությունները, որոնք անհրաժեշտ են արդար, պաշտպանունակ և մրցունակ պետության համար:  

Երկրաժամկետ նպատակներ

Տարբեր քաղաքականությունների շուրջ խորհելիս օգտակար է մտքում ունենալ մի քանի հստակ նպատակներ: Որպես շատ ավելի երկարաժամկետ տեսլական՝ Հայաստանը պետք է նպատակ ունենա՝ (1) մեկ շնչի եկամտի ծավալով ընդգրկվել առաջին 20, իսկ հետո 10 առաջատար տնտեսությունների շարքում, (2) ունենալ 10-20 հայկական ընկերություններ՝ ներկայացված Նասդաքում և Նյու Յորքի ֆոնդային բորսայում, (3) լինել ամբողջ աշխարհից օտարերկրյա ուղղակի ներդրումների, այդ թվում՝ ոչ հայկական ծագման, հիմնական ուղղություն (Ռուսաստանից բացի՝ ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան), (4) Համաշխարհային տնտեսական ֆորումի Գլոբալ մրցունակության ցուցիչը ներառում է բազմաշերտ մակրո- և միկրոտնտեսական ցուցիչներ և փորձում է ընդհանուր գնահատում կատարել, թե երկրի տնտեսական միջավայրը որքանով է նպաստավոր իր քաղաքացիների բարեկեցության ապահովման համար: 2019-ին Հայաստանը 69-րդն էր: Այն պետք է նպատակ ունենա լինել 20-րդը, (5) Հայաստանի տրանսպորտային և ջեռուցման համակարգերը պետք է անցնեն էլեկտրականության՝ զգալիորեն նվազեցնելով կախումը ներկրվող վառելիքից, միաժամանակ Հայաստանը պահելով որպես էլեկտրականություն արտահանող երկիր երկրորդ՝ ժամանակակից ատոմակայանի և վերականգնվող էներգիայի ծրագրերի միջոցով, ինչպիսին են հիդրոէլեկտրաէներգիա ու արևային էներգիան: Որպես հետևանք՝ Երևանի օդի որակի նշանակալի բարելավումը կլինի պարզապես հավելյալ պարգև:

Վահան Զանոյեան

19 փետրվարի, 2021 թ.


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել