Չէինք սպասում, թե պատերազմը  երկար է ձգվելու․ Հադրութից` Աբովյան
19:55 - 21 փետրվարի, 2021

Չէինք սպասում, թե պատերազմը երկար է ձգվելու․ Հադրութից` Աբովյան

«Ես դեռ հույս ունեմ, որ առանց պատերազմի՝ բանակցություններով, Հադրութը կվերադարձնենք ու կգնանք մեր տուն»,- ասում է վաթսունիննամյա Զոյա Բադաձյանը։ Պատերազմի սկսվելուց երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ից, Բադաձյանների բազմանդամ ընտանիքը թողել է Հադրութի Տող գյուղի իրենց տունն ու եկել-հաստատվել Աբովյան քաղաքում:


Զոյա Բադաձյանը

«Ասում ենք՝ ժամանակավոր ենք եկել, որովհետև մենք չէինք սպասում, թե պատերազմը  երկար է ձգվելու։ Մտածում էինք՝ Ապրիլյան պատերազմի նման մի քանի օր կտևի, ու հետ կգնանք»,- շարունակում է Զոյա Բադաձյանի հարսը՝ Ռաիսա Կարապետյանը։

Նա պատմում է՝ սկզբում պատսպարվել են  նկուղում՝ կարծելով, թե շուտով ամեն բան կավարտվի, բայց երկու օր անց, հասկանալով, որ իրավիճակը չի հանդարտվում, որոշել են ուղևորվել Հայաստան։  Ռումբերի պայթյունների տակ գրեթե ոչինչ չեն հասցրել վերցնել իրենց հետ։ Հայաստան հասնելն էլ դժվար է եղել։


Ռաիսա Կարապետյանը

«Պատերազմի օրերին Արցախից Հայաստան տեղափոխող մեքենաներ շատ կային, սակայն վարորդներ չկային։ Բոլորը դիրքերում էին: Հազիվ եմ կարողացել մեքենա գտնել մինչև Հայաստանի սահման, իսկ այնտեղից հայաստանցի հարազատներս են օգնել»,- ասում է Ռաիսան։ 

Բադաձյանների ընտանիքը սկզբում ապաստան է գտել Արարատի մարզում՝ բարեկամի տանը, հետո՝ մեկ ուրիշ բարեկամի տանը, մինչև վարձով տուն են գտել Աբովյան քաղաքում։ 

Ռաիսայի ամուսինը՝ Արարատ Բադաձյանը, այդ ժամանակ ռազմաճակատում էր։ Նա երեք պատերազմի մասնակից է․ 90-ականներին, երբ դեռ 16 տարեկան էր, Արցախյան ազատամարտին է մասնակցել, հետո՝ Ապրիլյան պատերազմին, իսկ հետո էլ՝ 44-օրյա պատերազմին։  Ասում է՝ այս վերջին պատերազմը շատ դաժան էր։ 

«Սա օդային կռիվ էր, և դժվար էր պաշտպանվելը։ Շատ զոհեր ունեցանք․․․ Երկու ընկերներս զոհվել են։ Որտեղ պատահի՝ խփում էին։ Կրակ էր թափվում վերևից։ Տենց կռիվ երևի ամբողջ աշխարհում չէր եղել։ Էնքան շատ էր օդից թափվում․ վերևից ընկնում էր գլխիդ։ Ուր ուզում ես՝ թաքնվի․ թաքնվելու տեղ չկար։ Հրաշքով ենք ողջ մնացել»,- պատմում է Արարատ Բադաձյանը: 

Նա Պաշտպանության բանակի ավագ ենթասպա է։ Արձակուրդի ավարտից հետո վերադառնալու է Արցախ, բայց առանց ընտանիքի։ 

«Այնտեղ էլ տուն չունենք։ Ստեփանակերտում վարձը շատ ավելի թանկ է։ Ամբողջ աշխատավարձս պետք է վարձի փող տամ»,- ասում է նա։


Վարձով բնակարանը գազաֆիկացված չէ

Բադաձյանների երեք անչափահաս տղաներն Աբովյանում դպրոց են գնում։ Ասում են՝ փորձում են հարմարվել։ Դպրոցն օգնել է երեխաներին՝ տրամադրելով պայուսակներ, գրենական պիտույքներ։ Ռաիսա Կարապետյանը նշում է, որ այս ընթացքում անհատներն էլ են իրենց օգնել սնունդով և հագուստով։

Ընտանիքն է վճարում թե՛ տան վարձը, թե՛ կումունալ ծառայությունների գումարը։ Քաղաքապետարանում գրանցված են որպես փախստական։ 

«Մեծահասկաների համար մոտ 250 հազար դրամ միանվագ ստացել ենք։ Երեխաների գումարը չենք ստացել։ Այդ գումարով այս մի քանի ամիսը կարողացել ենք ապրել, տան վարձը տալ։ Երբ եկանք այս տուն, ո՛չ կոյուղի կար, ո՛չ լույս։ Այդ գումարով կարողացանք դրանք ապահովել»,- ասում է Ռաիսան։ 

75-ամյա Սամվել Բադաձյանը, որը ևս Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, պատմում է, որ հենց Հադրութի Տող գյուղից է Շարժումը սկսվել։ Չի համակերպվում Հադրութի ու իրենց գյուղի կորստի հետ․

«Թուրքերը մի ամբողջ ընտանիք սպանեցին, ու մեր համբերության բաժակը լցվեց։ Էդքան կռվեցինք ու պայքարեցինք, իսկ հիմա․․․ »։ 


Սամվել Բադաձյանը՝ թոռնիկի հետ

Հադրութում ընտանիքն այգեգործությամբ էր զբաղվում։ Հարցնում եմ՝ բա էստեղ ի՞նչ եք անելու։ 

- Չգիտենք․․․

Ապագային վերաբերող հարցերի պատասխանել չեն կարողանում։ Հադրութից հեռանալուց ի վեր ապրում են անորոշության մեջ․ «Դեռ էստեղ ենք․ ձմեռը դուրս գա՝ տեսնենք։ Եթե հնարավորություն լինի՝ մեզ Արցախում տուն տան, գուցե ինչ-որ մի բան կանենք։ Բայց հիմա էստեղ չգիտենք՝ ինչ անել»․․․

Աստղիկ Գաուդյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել