Ֆրանսիայի դեսպանը դասագրքեր է հանձնել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցներին
19:38 - 19 փետրվարի, 2021

Ֆրանսիայի դեսպանը դասագրքեր է հանձնել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցներին

Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտը մասնակցել է գիրք նվիրելու հայկական ավանդույթին՝ ֆրանսերենի դասագրքեր հանձնելով ֆրանսերենի խորացված ուսուցմամբ Հայաստանի բոլոր դպրոցներին։

Ինչպես տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, այդ դպրոցներից մեկում՝ Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցում կայացած գրքերի հանձնման արարողության ընթացքում, որին ներկա էին ԿԳՄՍ նախարարի՝ կրթության հարցերով տեղակալ Ժաննա Անդրեասյանը, թիվ 125 դպրոցի փոխտնօրեն Կարինե Բասոյանը, Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ Սյուզան Ղարամյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող Գևորգ Գևորգյանը, դեսպանը վերահաստատել է դեսպանության շարունակական աջակցությունը և մասնակցությունը այս ծրագրի իրականացման գործում։

Դեսպան Ժոնաթան Լաքոտը գոհունակություն է հայտնել, որ ներկայումս 1300 աշակերտ խորացված ծրագրով ֆրանսերեն է սովորում Հայաստանի 11 ուսումնական հաստատություններում (Երևան, Գյումրի, Իջևան, Հրազդան, Գորիս, Եղեգնաձոր, Մասիս)։ «Նա նշել է, որ այս նոր դասագրքերի տրամադրումը ֆինանսավորվել են Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի կողմից, որը 2018թ., շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի Հայաստան կատարած այցի ընթացքում պարտավորվել էր ֆինանսավորել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասագրքերի ձեռքբերումը այդ ծրագիրն իրականացնող դպրոցների համար՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ կրթության նախարարության, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից նաև հայտնում են, որ ծրագրի հաջողությամբ պայմանավորված՝ չորս միջնակարգ և երկու ավագ դպրոցներում կբացվեն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ նոր դասարաններ, ինչը հնարավորություն կտա հայ աշակերտներին օգտվել այս ծրագրից ՀՀ ողջ տարածքում։

Դեսպանը նաև հանդիպել է ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարանների աշակերտների և դասավանդողների հետ և ողջունել ֆրանսերեն սովորելու նրանց ընտրությունը՝ նշելով, որ այս լեզվին տիրապետելն, անկասկած, կարևոր հաղթաթուղթ է նրանց ապագայի համար, անկախ նրանց հետագա մասնագիտական ուղուց։  

Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2021 թվականին՝ ուսումնական հաստատություններում ֆրանսերենի խորացված դասընթացներ և ֆրանսերեն լեզվով լրացուցիչ կրթական ծրագրեր  կազմակերպելու մասին 2011թ. ստորագրված երկկողմ համաձայնագրի շրջանակներում և ներառվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ կնքված լեզվական պակտում։ Լեզուների ընդհանուր տեղեկանքի եվրոպական շրջանակի համաձայն մշակված խորացված ֆրանսերենի ծրագիրը նախատեսում է իրականացնել ֆրանսերեն լեզվի խորացված դասավանդում շաբաթական 3 ժամ՝ երկրորդից իններորդ դասարաններում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել