Քննարկում ԱՄՆ արտահանման-ներմուծման խոչընդոտների բացահայտման վերաբերյալ՝ ՀՀ պետական և գործարար հատվածի մասնակցությամբ
19:22 - 19 փետրվարի, 2021

Քննարկում ԱՄՆ արտահանման-ներմուծման խոչընդոտների բացահայտման վերաբերյալ՝ ՀՀ պետական և գործարար հատվածի մասնակցությամբ

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի աշխատանքի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ` ԱՄՆ արտահանման-ներմուծման խոչընդոտների բացահայտման և քննարկման նպատակով։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյաներ և գործարարներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և ԱՄՆ միջև գործում է  Առևտ­րի և ներդ­րում­նե­րի շր­ջա­նա­կային համաձայ­նագ­իրը  (ԱՆՇՀ-TIFA), որի շրջանակներում ստեղծվել է համատեղ խորհուրդ՝ առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու համար։ Նա նաև ավելացրել է, որ այս քննարկումը կազմակերպվել է առկա համագործակցությունն ու երկու երկրների գործարարների միջև կապերն ակտիվացնելու նպատակով՝ առաջիկա հայ-ամերիկյան գործարար միջոցառմանն ընդառաջ։

«Մեր այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է՝ հասկանալ, թե ինչ խոչընդոտների է հանդիպում բիզնեսը ԱՄՆ շուկա մտնելիս և ինչպես կարող է պետությունն աջակցել բիզնեսին մուտք գործելու մյուս երկրների շուկաներ, ավելի լավ ներկայացնելու մեր գործարարներին ԱՄՆ գործարարներին և ձևավորել թիրախային օրակարգ առաջիկա գործարար «կլոր սեղանի» ընթացքում մեր գործընկերներին ներկայացնելու և քննարկելու, ինչպես նաև խնդիրներին պետական մակարդակով լուծում տալու համար»,- նշել է նախարարի տեղակալը։

Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործարար համայնքի ներկայացուցիչներին մասնակցության համար՝ նշելով, որ ակնկալում է անկեղծ քննարկում։

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը ևս շնորհակալություն է հայտնել պետական-մասնավոր հատված հրաշալի համագործակցության համար, նշել, որ, համավարակով պայմանավորված, միջոցառումների անցկացման հնարավորությունները սահմանափակ էին, իսկ օնլայն տարբերակով միջոցառումների անցակումն այնքան էլ արդյունավետ չէ։ Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են ֆրենչայզինգի համաժողով անցկացնել, փորձելու են ավելի ակտիվացնել գործակցությունը ԱՆՇՀ-TIFA-ի շրջանակում, կազմակերպել միջոցառումներ հայ-ամերիկյան գործարար կապերի ակտիվացման համար։

Գործարարները հիմնականում առանձնացրել են տեխնիկական, փաստաթղթային, լոգիստիկ խնդիրները` մասնավորապես կապված մսամթերքի արտահանման, բեռնափոխադրումների իրականացման, բեռնափոխադրումների գների բարձրացման, ծանրոցների և փոստային առաքումների մասով, գինու արտահանման դեպքում REF կոնտեյներների բացակայություն, աշխարհագրական տեղանունների մակնշման, սերտիֆիկատների, որակի հավաստագրեր ստանալու գործընթացում լաբորատոր փորձաքննության անհասանելիության և մեծ ծախսերի հետ կապված, Էլեկտրոնային հարթակներից գնումների իրականացման, մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված խնդիրները, ԱՄՆ ներմուծման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության պակասը, մի շարք այլ հարցեր։

Ծավալված բովանդակալից և արդյունավետ քննարկման ժամանակ գործարար համայնքի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրներն ու խոչընդոտները, փորձել համատեղ գտնել դրանց վերացման ուղիները, առաջարկել հնարավոր լուծումներ:

Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել պարբերական, անհրաժեշտության դեպքում ստեղծել աշխատանքային խմբեր, կազմակերպել առանձին ոլորտային հանդիպումներ նախարարությունների, Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել