Մարիա Զախարովան պատասխանել է Արցախում «Գորշ գայլերի» հավանական գործունեության մասին հարցին
 |1lurer.am|
19:54 - 18 փետրվարի, 2021

Մարիա Զախարովան պատասխանել է Արցախում «Գորշ գայլերի» հավանական գործունեության մասին հարցին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի ժամանակ Հանրային հեռուստաընկերության լրագրող Մերի Եգորյանը երկու հարց է ուղղել Մարիա  Զախարովային:

Առաջին հարցում մասնավորապես ասվում է.

Թուրքական աջ ծայրահեղական ազգայնական կուսակցությունն ու նրա առընթեր նեոֆաշիստական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը հայտարարել են Արցախի գրաված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում, որոշ նախագծեր իրականացնելու մտադրության մասին: Ինչպե՞ս է ռուսական կողմը գնահատում նման կազմակերպության գործունեությունն Արցախում և արդյո՞ք այդ գործունեությունը լարվածության օջախներ չի առաջացնում տարածաշրջանում, հատկապես, որ այդ կազմակերպության գործունեությունը հավանության են արժանացրել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները:

«Առաջին հարցի վերաբերյալ մենք չունենք նման ծրագրերի մասին տվյալներ և տեղեկություններ: Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը միասնական ջանքերով վերադառնում է խաղաղ բնականոն կյանք: Դրա համար անհրաժեշտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ հարևան բոլոր երկրները գործեն միասնական դիրքից և նպաստեն տարածաշրջանում բնակվող բոլոր ժողովուրդների միջև երկխոսությանը, աջակցեն տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ապահովեն պատմական ու մշակութային հուշարձանների պահպանմանը: Միասնական դիրք ասելով՝ առաջին հերթին պետք է ելնել կայուն խաղաղության հաստատումից, որի հիման վրա մարդիկ, վերադառնալով տարածաշրջան, իրենց կյանքը կդասավորեն մի շարք ուղղություններով՝ տնտեսություն,  ֆինանսներ, տրանսպորտ, լոգիստիկա: Այս մասին պետք է բոլորս հիշենք»,- հայտարարել է Մարիա Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել