Կներդրվի պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մոնիթորինգի համակարգ |armenpress.am|
18:01 - 18 փետրվարի, 2021

Կներդրվի պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մոնիթորինգի համակարգ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը: Ըստ հիմնավորման, պետական գույքի կառավարման և դրա օգտագործման արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները բացահայտելու համար անհրաժեշտություն է առաջանում պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի վերաբերյալ մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնել։

«Վերջինս չափազանց կարևոր գործիքակազմ է պետական գույքի հետագա կառավարման ժամանակ հիմնավորված որոշումներ ընդունելու համար։ Դրա հետ կապված անհրաժեշտ է հնարավոր սեղմ ժամկետում ստեղծել նաև անշարժ գույքի մոնիթորինգի համակարգ, որը մինչ օրս գոյություն չունի և որի պատճառով չի կատարվել անշարժ գույքի օգտագործման արդյունավետության գնահատում։ Նոր գործիքակազմը հնարավորություն կտա պարզել անշարժ գույքի վիճակը, բացահայտել տեղ գտած բացթողումները, թերությունները, օգտագործողի կողմից կատարված խախտումների բացահայտումը։ Ըստ այդմ, առաջարկվում է ստեղծել մոնիթորինգի համակարգ:

Արդյունքում, հնարավոր կլինի պարզել, մասնավորապես, պետական գույքի բոլոր տարրերի վերաբերյալ նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ տեղի ունեցած փոփոխությունների դինամիկան, այդ փոփոխությունների դրական կամ բացասական միտումները, չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործող պետական գույքի մակերեսները և բնութագրիչները, մասնավոր անձանց օգտագործման հանձնված պետական գույքի օգտագործման վիճակը և օգտագործումից ստացված արդյունքների դինամիկան և միտումը»,- ասված է հիմնավորման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել