Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, որն է պատճառը. ԱԻ նախարար
 |armtimes.com|
22:58 - 17 փետրվարի, 2021

Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, որն է պատճառը. ԱԻ նախարար |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, ներառյալ՝ հետցնցումները. դրանց մոտ 5-7 տոկոսն է զգացվում բնակչության կողմից: Այս մասին նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը:

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի, պատերազմի ընթացքում ապաստարանների խնդրի մասին նախարարի հետ զրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն նախարար, վերջին օրերին ՀՀ տարածքում երկրաշարժեր գրանցվեցին: Սեյսմոլոգիական ծառայությունը ինչո՞վ է պայմանավորում այս իրավիճակը:

- Սեյսմիկ ռեժիմի հերթական ակտիվացումն է։ Շատ հաճախ նման ուժի երկրաշարժերին հետեւում են հետցնցումներ: Այսօր, կարելի է ասել, որ երկու երկրաշարժից (Շորժայի եւ Երեւանի) հետո էլ գրանցվել է 100-ից ավելի հետցնցում, որոնք եղել են ավելի թույլ եւ վկայում են ցնցումների ուժի մարման մասին: Մեր մասնագետների կողմից պարբերաբար կատարվող վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սեյսմիկ ռեժիմի ակտիվացումը պահպանվում է:

- Վիճակագրություն կա՞, թե Հայաստանում քանի շենք է գտնվում սեյսմավտանգ իրավիճակում:

- Հարցի բուն հասցեատերը Քաղաքաշինության կոմիտեն է: Ինչ վերաբերում է սեյսմիկ պաշտպանության ծառայության գործառույթներին, ասեմ, որ մեր մասնագետներն այցելում են երկրաշարժի էպիկենտրոնային գոտի եւ կատարում շենքերի ու շինությունների նախնական օպերատիվ գնահատում:

- Վերջին տարիներին նման հաճախականությամբ երկրաշարժերի գրանցման դեպքեր եղե՞լ են:

- Տեղի ունեցած երկրաշարժերի քանակով Հայաստանի տարածքի ամենաակտիվ սեյսմիկ գոտին Ջավախքի ընդարձակման գոտին է, որտեղ տեղի են ունենում մեծ քանակությամբ երկրաշարժեր, առավելապես՝ մինչեւ 4 բալ ուժգնությամբ:  

- Մասնագետները նշում են, որ, օրինակ, Երեւանում շենքերը նախատեսված են մինչեւ 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, սակայն սեյսմիկ վտանգը 9 բալ եւ բարձր է: 

- Նոր բազմահարկ շենքերը, որոնք կառուցվել են 1994 թվականից հետո, նախագծվել են 9 բալ եւ բարձր սեյսմակայունության հաշվարկով: Հետեւաբար, եթե ընդունենք, որ այդ շենքերը նախագծվել, փորձաքննություն են անցել եւ կառուցվել առանց շեղումների, ապա պետք է ընդունենք, որ դրանք սեյսմակայուն են:

Սակայն ԽՍՀՄ տարիներին կառուցված շենքերը, որոնք կազմում են բոլոր շենքերի մոտ 70 տոկոսը, նախագծվել են 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, շահագործման ընթացքում չեն ուժեղացվել, հնարավոր է՝ չդիմանան 9 բալ եւ բարձր ուժգնության երկրաշարժին:

- Որքանո՞վ են քաղաքացիները տեղեկացված՝ երկրաշարժի ժամանակ ինչ պետք է անեն:

- Խորհրդային Միության ժամանակ դպրոցներում դասավանդվում էր քաղաքացիական պաշտպանություն առարկան, որը տալիս էր անհրաժեշտ գիտելիքներ. 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո նոր թափ ստացան բնակչության իրազեկումը եւ երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումն ու ուսումնական վարժանք-տարհանումները: Մեր համոզմամբ՝ քաղպաշտպանության պարապմունքները դպրոցներում պետք է վերականգնել որպես առանձին առարկա: Ավելին՝ նման աշխատանքները պետք է ակտիվացնել՝ սկսած մանկապարտեզներից՝ երեխաներին սովորեցնելով երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել