Անհրաժեշտ է խթանել հայ և վրացի երիտասարդների շփումները. ԿԳՄՍ նախարարը՝ դեսպանին
19:12 - 17 փետրվարի, 2021

Անհրաժեշտ է խթանել հայ և վրացի երիտասարդների շփումները. ԿԳՄՍ նախարարը՝ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
 
Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհավորելով նախարար Վ. Դումանյանին նշանակման առթիվ, ասել է, որ հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, բայց ուրախ է, որ, ի վերջո, այն կայանում է: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ թեև նախարարը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար բարդ ժամանակահատվածում, սակայն փորձառության շնորհիվ կկարողանա հաղթահարել մարտահրավերներն ու լուծել իր առջև դրված խնդիրները:
 
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Վ. Դումանյանն արձանագրել է, որ հայ և վրացի ժողովուրդները շատ ընդհանրություններ, իսկ եղբայրական ու բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Նրա խոսքով՝ անցած տարին Հայաստանի համար շատ բարդ է եղել: Նախ՝ կորոնավիրուսը, հետո նաև պատերազմը մարդկային անդառնալի կորուստների պատճառ են դարձել:
 
«Մեզ համար մեծապես կարևոր է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը, որոնք, հայկական լինելուց զատ, նաև համամարդկային մեծ արժեք են ներկայացնում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այս հարցում հայկական կողմն ապավինում է ինչպես միջազգային հանրության, այնպես էլ վրաց գործընկերների հնարավոր աջակցությանը:
 
Համոզմունք հայտնելով, որ Հայաստանը կարճ ժամանակահատվածում կհաղթահարի պատերազմի հետևանքները, դեսպանը մեջբերել է վրացի հայտնի բանաստեղծ, հրապարակախոս Իլյա Ճավճավաձեի այն միտքը, թե միայն ուժեղ Հայաստանով է ամուր Վրաստանի հարավը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համատեղ երկկողմ, ինչպես նաև միջազգային ծրագրերի շրջանակում բազմակողմ համագործակցությունը: Նախարար Վ. Դումանյանը նշել է, որ անհրաժեշտ է հայ և վրացի երիտասարդների միջև խթանել շփումները՝ այդպիսով երկարաժամկետ կտրվածքով ապահովելով հետագա համագործակցությունը մասնագետների շրջանում: Համակարծիք լինելով նախարարի հետ՝ Գիորգի Սագանելիձեն ասել է, որ կրթության և գիտության բնագավառում նույնպես առկա է համագործակցության մեծ ներուժ:
 
Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ անհրաժեշտ է ակտիվացնել ու զարգացնել նաև միջբուհական շփումներն ու համատեղ ուսանողական փոխանակման ծրագրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել