tert.am: Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Սիրիայում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին վերջնականապես ոչնչացնելու նպատակով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

«Կրկին վերահաստատել ենք մեր վճռականությունը՝ պայքարելու ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշախնության և տարածքային ամբողջականության խախտմանը և սպառնում են հարևան երկրների ազգային անվտանգությանը: Պայմանավորվել ենք շարունակել համագործակցությունը ԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ առնչություն ունեցող այլ խմբավորումների ահաբեկիչներին վերջնականապես ոչնչացնելու նպատակով՝ միաժամանակ ապահովելով քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների անվտանգությունը», - ասվում է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով կայացած 15-րդ միջազգային եռակողմ հանդիպման ավարտին ընդունված համատեղ հայտարարության մեջ:

Կողմերն ընդգծել և դատապարտել են ահաբեկչական ակտիվության աճը Սիրիայի տարբեր հատվածներում, ինչը հանգեցնում է խաղաղ բնակիչների մահվան: