Առաջարկվում է թույլատրել դատավորների բարեվարքության վերաբերյալ ԿԿՀ-ի եզրակացությունները հանրայնացնելը |hetq.am|
16:07 - 17 փետրվարի, 2021

Առաջարկվում է թույլատրել դատավորների բարեվարքության վերաբերյալ ԿԿՀ-ի եզրակացությունները հանրայնացնելը |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) խորհրդատվական բնույթի եզրակացությունները օրենքով թույլ տալ հրապարակել: Գործող օրենքով՝ այդ եզրակացությունները հրապարակման ենթակա չեն:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժովողի գործառույթների շարքում է օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման:

Ըստ նախագծի հեղինակների՝ հանձնաժողովի եզրակացության հրապարակման ենթակա չլինելու մասին նորմի սահմանումը հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը սահմանափակելու տեսանկյունից, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հաշվետվողականության և թափանցիկության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության սկզբունքներին:

«Օրենսդիրը, ամրագրելով հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների և առաջարկությունների հրապարակման ընդհանուր պահանջ, հետապնդել է հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը որևէ կերպ չսահմանափակելու միտում, և նման պայմաններում հասարակական կարևոր նշանակություն ունեցող հանրային ծառայության պաշտոնների՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների և այլ դատարանների դատավորների բարեվարքության վերաբերյալ կազմված եզրակացությունների հրպարակման ենթակա չլինելու մասին օրենսդրական պահանջն արդարացված և հիմնավոր չէ, ինչպիսի եզրակացության հանգել է նաև Սահմանադրական դատարանը»,- նշվում է նախագծում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել