Քրեական օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է պետական ծառայողին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել
14:05 - 17 փետրվարի, 2021

Քրեական օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է պետական ծառայողին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել

Հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

«Միաժամանակ, ըստ նախագծի, առաջարկվում է սահմանել, որ այդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- նշված է նախագծում, որ քննարկման է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծի հիմնավորումներում նշված է, որ դրա ընդունմամբ ակնկալվում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով արարքները որակելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները, ինչպես նաև քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ նախատեսել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պաշտպանելով նրանց հրապարակային վիրավորանքից և զրպարտությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել