ԱԺ նախագահն ընդունեց ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարին
19:50 - 16 փետրվարի, 2021

ԱԺ նախագահն ընդունեց ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի խոսնակը նշեց, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող գործընկերային հարաբերություններն առավել աշխուժացման կարիք ունեն, ինչին մեծապես կարող է նպաստել երկու խորհրդարանների միջև շփումների ակտիվացումը:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության կյանքի կոչման և տարածաշրջանում խաղաղության պահպանման համար հայկական կողմի համար առաջնահերթ է հայ ռազմագերիների և գերեվարված անձանց շուտափույթ վերադարձը հայրենիք: Ազգային ժողովի նախագահը հավելեց, որ հայկական կողմի համար շարունակում են օրակարգում լինել Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նախարար Մորթընը իր հերթին կարևորեց կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում բարեփոխումների օրակարգի, ինչպես նաև ՄԹ ֆինանսական աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքի և հաջողությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ կարևորեց ռազմագարերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով շուտափույթ վերադարձի հարցը և հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունը՝ որպես գործընկեր, կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել