Արարատ Միրզոյանն ընդունել է  Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին
16:35 - 16 փետրվարի, 2021

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին ընդունել է  ՀՀ-ում  Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Շնորհավորելով դեսպան Սվենսոնին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կբերի հայ-շվեդական փոխգործակցության ընդարձակման գործում:

Նշելով, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը՝ Արարատ Միրզոյանը կարեւորել է այդ ոլորտների բարեփոխումներում Շվեդիայի շարունակական աջակցությունը, ինչպես նաեւ՝ օժանդակությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի իրականացման գործում:

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական խնդիրների լուծման շրջանակում խորհրդարանի խոսնակը բարձրացրել ՝ հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Այս տեսանկյունից նա ընդգծել է միջազգային հանրության գործուն քայլերը:

Պատրիկ Սվենսոնն իր հերթին շեշտել է, որ Շվեդիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրականացվող բարեփոխումներին իր երկրի աջակցությունը: Նա առանձնացրել է Հայաստանի հետ համագործակցության ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, շուկայական տնտեսություն, շրջակա միջավայր:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ դեսպանը կարեւորել է այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը: «Շվեդիան նախագահում է ԵԱՀԿ-ում եւ կուզենար հասկանալ, թե ինչպես կարող է նպաստել նման հակամարտությունների լուծմանը»,- ասաց դեսպանը: Նա եւս միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից անհրաժեշտ է համարել գերեվարված անձանց վերադարձի հարցը:

Անդրադարձ է կատարվել սույն թվականի մարտի 1-ից ՀՀ-ԵՄ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ամբողջական գործարկմանը, ինչը, ըստ դեսպանի, ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր որակ կհաղորդի:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են զարգացման հեռանկարները, կարեւորվել միջխորհրդարանական շփումների ակտիվացումը նաեւ բարեկամական խմբերի մակարդակում, գործարար կապերի ընդլայնումը:

Դեսպանի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումների օրակարգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել