Սահմանամերձ համայնքներին տրվող պետական սոցիալական աջակցությունը կհասնի 1 մլրդ դրամի
 |1lurer.am|
20:20 - 15 փետրվարի, 2021

Սահմանամերձ համայնքներին տրվող պետական սոցիալական աջակցությունը կհասնի 1 մլրդ դրամի |1lurer.am|

1lurer.am: 

Հայաստանում սահմանամերձ համայնքները 38-ն էին, հիմա դրանց կավելանա ևս 39-ը, 33՝ Սյունիքում, իսկ 6-ը՝ Գեղարքունիքում: Նախորդ շաբաթ Կառավարության նիստում լրացում կատարվեց սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում, ինչի արդյունքում մոտ 4 տասնյակ նոր համայնքներ ևս սկսեցին օգտվել Կառավարության աջակցության ծրագրերից:

Անշարժ գույքի հարկից ամբողջական ազատում, կոմունալ վճարների և ոռոգման ջրի գումարի 50 տոկոս փոխհատուցում և դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում: Սոցիալական աջակցության այս ծրագրերից կսկսի օգտվել նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքը:

Հակոբ Ավետյան (Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար) - Գոնե պետք է որոշակի արտոնություններ ունենան, որ իրենք հասկանան՝ այստեղ իրենց ինչ-որ բան կա պահող։

Սահմանամերձ 77 համայնքում տարեկան մինչև 360 խորանարդ գազ սպառելու դեպքում սակագնի մինչև 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը, էլեկտրաէներգիայի պարագայում տարեկան սահմանաչափը 1440 կիլովատտ/ժամն է։

Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տեղակալ) - Ամսական 30 խորանարդ մետրը կվճարի՝ կեսը պետությունը, էլեկտրաէներգիայի 1440 կիլովատտ/ժամ տարվա կտրվածքով, ամսական կտրվածքով կլինի 120 կիլովատտ։

Սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված Սոթքում վստահ են՝ այս փոփոխության արդյունքում գազիֆիկացված տների թիվն իրենց մոտ կավելանա: Փաստացի՝ սակագնի բեռը բնակչի համար կնվազի, ինչն էլ ավելի հասանելի կդարձնի կապույտ վառելիքը:

Դպրոցի դասագրքերի անվճար տրամադրումը ևս կարևոր քայլ են համարում, Սոթքի դպրոցի տնօրենը նշում է՝ մինչ այդ քիչ չեն եղել դեպքերը, երբ սոցիալապես անապահով որոշ ընտանիքների երեխաների գրքի գումարները դպրոցի ուսուցչական կոլեկտիվն է հավաքել։

Արտակ Մելքոնյան (Սոթքի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Լավ կլինի, որ անվճար լինի, միանգամից այդ խնդիրներից ազատվենք։

Սոթքի բնակիչներն առաջարկում են փոխել նաև գյուղի էլեկտրակայանի տրանսֆորմատորը, Վարդենիսից եկող ուսուցիչների համար էլ տրանսպորտ հատկացնել։ Այս երկու խնդիրն այստեղ անլուծելի է դեռ անցած դարի 90-ականներից՝ ասում են բնակիչներն ու ուսուցիչները։

Սվետա Մխեյան (Սոթքի բնակիչ, ուսուցչուհի) - Հոսանքի ուժը՝ ամպերը, ուղիղ համեմատական է հզորությանը՝ վոլտին: Նույնիսկ լվացքի մեքենան կարող է միացնենք, ու չմիացվի։

Մարգարիտ Սարգսյան (Սոթքի միջնակարգ դպրոցի դասվար) - Ցանկալի կլինի, եթե ավտոբուս գործի Վարդենիսից:

Վերջին տարիներին 38 սահմանամերձ համայնքի համար պետությունը միջինում փոխհատուցել է 750 միլիոն դրամ,- ասում է նախարարի տեղակալը։ Սահմանամերձ համայնքների ցանկը համալրած ևս 39-ի համար պետությունը կփոխհատուցի մոտ 200 միլիոն դրամ։

Ընդհանուր առմամբ աջակցության չափը կհասնի մեկ միլիարդ դրամի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել