Ատելության դեմ ատելություն, ագրեսիայի դեմ ագրեսիա․ դա է մեր ճանապարհը․ Վազգեն Մանուկյան
16:27 - 12 փետրվարի, 2021

Ատելության դեմ ատելություն, ագրեսիայի դեմ ագրեսիա․ դա է մեր ճանապարհը․ Վազգեն Մանուկյան

Մեզ պետք է համաժողովրդական շարժում, որ կարողանանք ազատվել այս իշխանություններից։ Եվ ինքը կամավոր չի գնալու, այսինքն՝ մենք պետք է կոտրենք իր ոտքերը, իր հենարանները։ Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկանը։

«Որո՞նք են իր հենարանները։ Կա ժողովրդի մի հատված, որ չի գիտակցում՝ ինչ է կատարվում, և մեր պարտքն է մեր հայրենակիցների առջև, որ կարողանանք այդ մարդկանց բացատրել։ Այսինքն՝ քարոզչությունը, ծրագրեր ներկայացնելը, բացատրելը կարևորագույն հարցեր են մեզ համար։ Եվ դրանով պետք է զբաղվեն և շարժումը, և մեր մտավորականությունը, և բազմաթիվ ՀԿ-ներ և կուսակցություններ»,- ասաց նա։

Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի գլխավոր հենարանը կոչեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությանը։

«Բոլորի վրա պետք է աշխատել։ Նրանք ռիսկ պիտի չունենան դուրս գալ փողոց։ «Իմ քայլ»-ի այն պատգամավորին, որ դուրս չի գալիս իր խմբակցությունից, համարենք դավաճան։ Բոլոր այն բարձրաստիճան զինվորականները, ոստիկանները, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանին, դավաճան են։ Ու ժողովուրդը իրենց չպիտի թույլ տա փողոց դուրս գալ, իրենք պիտի վախենան սրճարան մտնել, ռեստորան մտնել»,- հավելեց նա։

Վազգեն Մանուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի մյուս հենարանը «Իմ քայլ»-ից դուրս բազմաթիվ մարդիկ են, որոնք «սնվում են դրսից, ծառայում են դրսին, իրենք նպաստեցին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելուն, և իրենք մասնակից են այս դավաճանությանը»՝ հավելելով, որ իրենք կհրապարակեն անունները, և որ «նրանք իրավունք չունեն փողոցով քայլելու»։

Հաջորդ հենարանն, ըստ Մանուկյանի, «ծախուներն են», որոնք փողի համար, արտոնություն ստանալու համար, գալիս փակում են մեր ճանապարհը։ Նա հիշեցրեց Գյումրիում տեղի ունեցած դեպքերը։

«Դրանք այնք տականքներն են, որ ծառայում են ցանկացած իշխանությանը՝ իրենց ծախելով։ Ագրեսիա են ցուցաբերո՞ւմ, նույն ագրեսիան՝ իրենց դեմ։ ով ձեռք բարձրացնի մեր վրա, հարված պետք է ստանա․ ատելության դեմ` ատելություն, ագրեսիայի դեմ` ագրեսիա․ դա է մեր ճանապարհը։ Եվ մենք պետք է հավաքենք մեր ժողովրդին»,- ասաց նա։

Մանուկյանը հայտնեց, որ դիմելու  է շարժման գործընկերներին, որ մյուս շաբաթվա ընթացքում Երևանից հարյուրավոր մեքենաներով գնան Սյունիք։ Նա նաև առաջարկեց Ազատության հրապարակը դարձնել իրենց շտաբը՝ նշելով, որ ինքն ամեն օր 5-7-ը այդտեղ կլինի։

«Մեզ պետք է ամեն թաղում, ամեն բնակավայրում ստեղծել կոմիտեներ։ Ինքնակամ կազմակերպեք այդ կոմիտեները, հարևանների հետ վիճեք, հավաքեք, խմբեր, ջոկատներ կազմեք, և մեր կենտրոնը այստեղ կլինի, այստեղից կուղղորդվի ամբողջ շարժումը»,- ասաց Մանուկյանը՝ դարձյալ հիշեցնելով փետրվարի 20-ի մեծ հանրահավաքը ՝ ընդգծելով, որ իրենց շտաբից՝ Ազատության հրապարակից, կհեռանան, երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել