Ռազմագերիների փոխանակման լավագույն լուծումը «Բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևն է. Զախարովա
 |1lurer.am|
19:10 - 11 փետրվարի, 2021

Ռազմագերիների փոխանակման լավագույն լուծումը «Բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևն է. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային:

Այս թեմայով Մարիա Զախարովային հարց է ուղղել Հանրային հեռուստաընկերության լրագրողը:

«Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը ենթադրում է տրանսպորտային հաղորդակցությունների բացում, սակայն հայերը չեն կարողանում Մարտակերտից Վարդենիս տեղափոխվել, և գյուղի բնակիչները դիմել են խաղաղապահներին՝ աջակցություն ստանալու խնդրանքով: Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հարցի վերաբերյալ»: Վարդենիսից Մարտակերտ և Ասկերանով Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհների բացման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է:

«Եթե վերոհիշյալ երթուղիները գտնվում են ռուս խաղաղապահների վերահսկողության պատասխանատվության գոտիներում, ապա այդ հարցը հավանաբար պետք է տրվեր ՌԴ պաշտպանության նախարարությանը: Հիշեցնեմ, որ եռակողմ հայտարարության վեցերորդ կետի համաձայն՝ Արցախի ու Հայաստանի կապն ապահովվում է Լաչինի միջանցքով»,- նշել է Մարիա Զախարովան:

Երկրորդ հարցը վերաբերել է հայ ռազմագերիներին, թե ի՞նչ փուլում է գտնվում վերադարձի հարցը:

«Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների վերադարձին, ապա մենք աշխատում ենք թե՛ հայ և թե՛ ադրբեջանցի գործընկերների հետ, այդ  թվում՝ հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հետ: Վերջերս Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատարության միջնորդությամբ տեղի է ունեցել ռազմագերիների հերթական փոխանակում. տուն են վերադարձել մեկ ադրբեջանցի և հինգ հայ: Ընդհանուր առմամբ, հիմք ենք ընդունում այն, որ տվյալ հարցի լավագույն լուծումը «Բոլորը՝ բոլորի դիմաց» փոխանակման բանաձևն է: Այս մասին են հայտարարել ՌԴ նախագահն ու ՌԴ արտգործնախարարը»,- ընդգծել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել