tert.am: Կան մի քանի տասնյակ ներդրումային ծրագրեր, որոնք նախորդ մի քանի տարում կուտակվել են և ինչ-որ պատճառներով չեն իրագործվում: Այս մասին ԱԺ-ում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, որ բազմիցս թվեր են ներկայացվել, կա՞ արդյոք որոշակի պլանավորված կամ նախատեսվող ներդրումների ծավալ, որով օրինակ՝ տարվա առաջին եռամսյակում կարող ենք կյանքի կոչել որոշ ծրագրեր:

Նախարարի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ պետական տարբեր գերատեսչություններ այդ ծրագրերը շուկա մտցնելու մոտիվացիա չունեն:

«Կարելի է ասել «Ռուչնոյ ռեժիմով» (ոչ ավտոմատացված ) օգնում ենք ներդրողներին, որ իրենց ծրագրերը հասցնեն շուկա։ Կարելի է ասել, որ դա իմ աշխատանքի օրական մի քանի ժամն է: Գնահատական չեմ ուզում տալ, որովհետև պետք է խոսել արդյունքի մասին, որն արդեն կա: Բայց հավատացնում եմ, որ մենք ամեն օր տեսնում ենք արդյունքներ, ուղղակի չենք գրանցում»,-ասաց նախարարը:

Արձագանքելով Վահան Քերոբյանին՝ պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ եթե մենք դիտարկում ենք ընդհանուր ակնկալիքների տեսանկյունից, ունենք ուղենիշ, ապա ներդրողը պիտի գրանցի, որ հասարակությունը գնահատի այդ ուղենիշը: