ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020-ին հայտնաբերել է մաքսային իրավախախտման 426 դեպք. Վարդանյան |armtimes.com|
12:28 - 10 փետրվարի, 2021

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020-ին հայտնաբերել է մաքսային իրավախախտման 426 դեպք. Վարդանյան |armtimes.com|

armtimes.com: 2020 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը արձանագրել է բացահայտումների աննախադեպ աճ՝ մաքսային իրավախախտման 426 դեպք: Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը:

«Դա գերազանցում է 2018 թվականի ցուցանիշին՝ 141 տոկոսով, 2018-ին ունեցել ենք իրավախախտումների 177 դեպք, իսկ 2019-ի ցուցանիշին՝ 112 տոկոսով, 2019-ին ունեցել ենք 202 իրավախախտում: Հայտնաբերված 426 դեպքից 296-ը հանդիսացել են մաքսանենգության դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 130 դեպքով էլ սկսվել է վարչական վարույթ»,- ասաց Վարդանյանը:

Նա հայտնեց, որ 2020 թվականի ցուցանիշը հանդիսանում է վերջին 10 տարիների ընթացքում լավագույն ցուցանիշը:

Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված այդ լավագույն արդյունքները, Վարդանյանը պատասխանեց, որ կորոնավիրուսի ժամանակ կտրուկ աճել են փոստային առաքանու միջոցով թմրանյութերի ներմուծման դեպքերը, իսկ թմրամիջոցի ներմուծումը ցամաքային սահմանով նվազել է. «2020 թվականի փետրվարի վերջին ուղեւորների եւ հետիոտների համար հայ-իրանական սահմանը փակվել է, մինչդեռ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները չեն տարածվել փոստային առաքանիների վրա: Միաժամանակ՝ անհամեստություն չհնի, կարելի է նաեւ փաստել, որ բարձրացել է մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատանքի արդյունավետությունը»:

Նրա խոսքով՝ ՀՀ տարածքով ապրանքներ տեղափոխելի իրավախախտները կիրառում են տարատեսակ հնարավորություններ. «Հայտնաբերել ենք դեպքեր, երբ ապրանքը մաքսային հսկողությունից թաքցված է եղել տրանսպորտային միջոցների տարբեր հատվածներում նախապես կառուցված գաղտնարաններում, օրինակ՝ գազաբալոնային համակարգում: 2020 թվականին Հայաստանից Իրան մեկնող 2 բեռնատարի անվադողերի մեջ թաքցվել էր ավելի քան 500 կգ մետաղի ջարդոն»:

2020 թվականին հայտնաբերվել եւ ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել՝ 6.1 կգ մետամֆետամին, 5.2 կգ ափիոն, 3.1 կգ մարիխուանա, 2.9 կգ կետամին, 1.6 կգ հերոին եւ այլ տեսակի թմրադեղեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել