ԱԺ պատգամավորը նոր նախադրյալներ է տեսնում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների զարգացման համար

 |armenpress.am|
09:45 - 09 փետրվարի, 2021

ԱԺ պատգամավորը նոր նախադրյալներ է տեսնում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների զարգացման համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովն Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից հետո նոր նախադրյալներ է տեսնում Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման համար: Սանդիկովը նշեց, որ Ռուսաստանը պատերազմից հետո էլ ավելի է իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը, հատկապես պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի կատարած միջնորդական ջանքերը, խաղաղապահ ուժերի տեղակայման և հումանիտար օգնության ծավալը խոսում է այն մասին, որ Ռուսաստանն էլ ավելի է ամրապնդել դիրքերն այս տարածաշրջանում, որպես բարեկամ երկիր, ու կարծում եմ, որ սա նոր նախադրյալներ է ստեղծում Հայաստանի ու Ռուսաստանի միջև, թե' ինտեգրացիոն գործընթացների խորացման, թե' գործընկերային հարաբերությունների ավելի զարգացման համար»,- ասաց Սանդիկովը:

Ազգային ժողովի պատգամավորը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձր մակարդակով է իրականացնում խաղաղապահ միջնորդական առաքելության իր առջև դրված խնդիրը:

«Ես Արցախում եղել եմ մոտ մեկ ամիս առաջ, երբ արդեն, գրեթե, ավարտին էին հասցված ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման աշխատանքները: Իմ ստացած տպավորություններով, իմ ունեցած տեղեկություններով` խաղաղապահ միջնորդական առաքելությունը կատարվում է բարձր մակարդակով: Գեներալ Մուրադովն ամբողջությամբ լծված է տարածաշրջանում խաղաղապահ զորքերի տեղակայման և իրենց ծառայությունը սահմանված կարգով իրականացնելու գործին: Ռուսաստանն ունի նաև հսկայական միջնորդական դեր գերիների վերադարձի հարցում, ուստի կարծում եմ, որ դինամիկան միայն դրական է»,- նշեց պատգամավորը:

Ազգությամբ ռուս պատգամավորի խոսքով` տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրությունները չեն փոխվել վերջին 25 տարվա ընթացքում, և այն միշտ էլ եղել է Ռուսաստանի մեծ հետաքրքրությունների կիզակետում:

«Հատկապես հակամարտության ներկայիս փուլում, երբ Ռուսաստանը ռազմաբազա ունի ոչ միայն Գյումրիում, այլև ընդլայնել է իր խաղաղարար պոտենցիալը Հայաստանի հարավում, Արցախում, գտնում եմ, որ այստեղ մեծ նախադրյալներ են ստեղծվում նաև հումանիտար ոլորտում զարգացման համար: Խոսքը հատկապես կրթության ոլորտի մասին է, ստեղծված իրավիճակից կբխեն այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ռուսական դպրոցների, ռուսական դասարանների ավելացումը»,- ասաց Ալեքսեյ Սանդիկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել