Արցախում վերականգնվել է ավելի քան 1400 ենթակառուցվածքային օբյեկտ և բնակելի շինություն |1lurer.am|
19:55 - 06 փետրվարի, 2021

Արցախում վերականգնվել է ավելի քան 1400 ենթակառուցվածքային օբյեկտ և բնակելի շինություն |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները մասնակցում են Արցախում ռազմական գործողությունների հետևանքով վնասված ենթակառուցվածքների և բնակարանների վերականգնման գործընթացի վերահսկողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԻՆ կայքից:

ՌԴ մարդասիրական օգնության շնորհիվ վերականգնվել է մոտ 1400 օբյեկտ: Դրանք բազմաբնակարան և մասնավոր բնակելի շենքեր, վարչական շենքեր, ենթակառուցվածքներ և սոցիալական նշանակության օբյեկտներ են:

Վերականգնման աշխատանքներ են կազմակերպվել ևս 644 վայրերում: Փետրվարի 4-ին, օբյեկտների վերականգնելու համար, փրկարարները Մարտունի քաղաք են տեղափոխել ավելի քան 10 տոննա մետաղական պրոֆիլներ և ցինկապատ պողպատե թիթեղներ: Ընդհանուր առմամբ, գերատեսչության մասնագետներն Արցախի շրջաններ են տեղափոխել ավելի քան 130 տոննա բեռ:  

Բացի այդ, աշխատակիցները շարունակում են պրոֆիլակտիկ միջոցառումներ անցկացնել ուսումնական հաստատությունների հետ: Գերատեսչության հոգեբանները, բժիշկները և պիրոտեխնիկները երեխաներին պատմում են պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում անվտանգության միջոցառումների մասին, նրանց սովորեցնում են, թե վնասվածքներից և արյունահոսության դեպքում ինչպես ցուցաբերել առաջին բուժօգնությունը, ինչպես նաև գործնական վարժություններ են անցկացնում սթրեսային իրավիճակները հաղթահարելու համար: Այդպիսի դասընթացներին հաճախել է մոտ 4400 աշակերտ:

Զուգահեռաբար դասընթացներ են անցկացվում նաև ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի հետ՝ դպրոցականների հոգեբանական աջակցության հմտությունները զարգացնելու համար: Ընդհանուր առմամբ, անցկացվել է 11 դասընթաց, որին մասնակցել է ավելի քան 330 ուսուցիչ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել