Ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար. Ֆրանսիայի դեսպանը՝ ՀՀ ՊՆ ղեկավարին
20:33 - 05 փետրվարի, 2021

Ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար. Ֆրանսիայի դեսպանը՝ ՀՀ ՊՆ ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 5-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդ Դեննի Փիթի ուղեկցությամբ (նստավայրը` ք.Թբիլիսի):

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանի անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքները և ակնկալվող զարգացումները:

Դեսպան Լաքոտն իր հերթին նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում և դրանց դադարեցումից հետո իրավիճակը մշտապես եղել է Ֆրանսիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում, մտահոգությունների մասին բարձրաձայնվել է և ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար: Պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության մասին խոսելիս դեսպանը տեղեկացրել է համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի առաջարկի մասին, որն ընդունվել է պաշտպանության նախարարի կողմից:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա ընթացքում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել