armenpress.am: Հայաստանում սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկանում ավելացվում է ևս 30 բնակավայր:

Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած նախագծի քննարկման համատեքստում, որով առաջարկվում է ընդլայնել Հայխնայբանկում ներդրած ավանդների փոխհատուցման հնարավորություն ունեցողների ցանկը և որպես շահառու դարձնել նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:

«Փետրվարի 3-ին շրջանառության մեջ ենք դրել Սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող համայնքների ցանկի փոփոխության՝ կառավարության որոշման նախագիծը»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ դրանով, ի թիվս 4 մարզերում սահմանամերձ համայնքների 38 բնակավայրերի, ավելանում է 30 բնակավայր՝ պայմանավորված պատերազմի հետևանքներով: Դա մասնավորապես Սյունիքի մարզն է:

Խաչատրյանի խոսքով՝ 2014-ից մինչև դեկտեմբերի 20-ի դրությամբ գործող՝ սահմանամերձ համայնքների 38 բնակավայրերի մասով այդ հոդվածով շուրջ 2.4 մլրդ գումար արդեն փոխհատուցվել է: Շահառուների թիվը կազմել է մոտ 17 հազար: Մեկ շահառուի գծով միջինում 140 հազար փոխհատուցում է եղել: Սահմանամերձ բնակավայրերի թիվը,նրա խոսքով, կոպիտ հաշվարկով, ավելանում է 75 տոկոսով: Այսպիսով, շատ կոպիտ հաշվարկով կստացվի, որ կունենան ևս 1.8 մլրդ դրամի ենթակա փոխհատուցման գումար:

Նա հորդորեց պատգամավոր Մանուկյանին հետաձգել նախագիծը, հեղինակը համաձայնեց երկու ամսով հետաձգել քննարկումը: