1lurer.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որն առնչվում է սպառողների իրավունքների վերականգնմանը: 

Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ օրենսդրական նախաձեռնությունը հղացել է, երբ հանձնաժողովում փորձում էին կարգավորել բանկային ավանդների, բանկային համակարգի և սպառողների միջև փոխհարաբերությունները՝ նկատելով, որ կան վարքագծի ստանդարտների չպահպանման խնդիրներ: 

«Ներկա պահին առավելագույն տուգանքը, որը մեծ հաշվով կարող էր Կենտրոնական բանկն այդ խախտումների դեպքում կիրառել՝ առաջին դեպքում՝ եթե մեկ տարվա ընթացքում կրկնվում էին, 100 հազար դրամն էր, երկրորդ դեպքում՝ 200 հազար դրամը և երրորդ դեպքում՝ 500 հազար դրամը: Եթե ֆինանսական հաշտարարին եք դիմում, և ապացուցում է, որ ճիշտ եք, ապա 300 հազար գանձվում է և ուղղակիորեն տրվում սպառողին, ում իրավունքները խախտվել են: ԿԲ-ն վարչարարություն է անում, ապացուցում է և ընդամենը գանձում 100 հազար դրամ»,- ասաց Մանուկյանը:

Առաջարկվում է սպառողների իրավունքների պաշտպանության համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառվող պատասխանատվության միջոցները խստացնել` ռիսկերը հավասարակշռելու նպատակով: Մանուկյանը տեղեկացրեց, որ պետք է հասնել նրան, որ օրենքի գերակայություն լինի, և այդ պատիժները լինեն համաչափ:

«Տուգանքները պետք է մեծանան առաջին խախտման դեպքում՝ մինչև 500 հազար դրամ, բայց ոչ պակաս, քան 300 հազար դրամը, երկրորդի դեպքում, եթե կրկնվում է՝ մինչև 1 միլիոն, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և երրորդի դեպքում, եթե 365 օրվա ընթացքում կրկնվում է՝ մինչև 2 միլիոն, բայց ոչ պակաս, քան 1 միլիոն դրամը: Այս բոլոր հավաքված գումարները գնալու են պետական բյուջե:

ԿԲ-ն այս գործիքակազմը որպես վերջին աստիճանի գործիք է կիրառում, այսինքն՝ երբ կան ստանդարտներից շեղումներ, բայց երբ այդ ինստիտուտը շարունակաբար սպառողների իրավունքները խախտում է, ապա, կարծում եմ, որ այս դեպքում պետք է լինի ավելի բարձր տուգանք: Սա է օրենքի տրամաբանությունը»,- ասաց Մանուկյանը: