Պատերազմին մասնակցած անձանց հոգեբանական ծառայություններ կտրամադրվեն. գործադիրը հաստատեց նախագիծը |1lurer.am|
13:18 - 04 փետրվարի, 2021

Պատերազմին մասնակցած անձանց հոգեբանական ծառայություններ կտրամադրվեն. գործադիրը հաստատեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am:  Կառավարության այսօրվա նիստին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրեց Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը հաստատելու մասին հարցը:

«Ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում, ուստի հոգեբանական մթնոլորտի առողջացման համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք վերականգնողական միջոցառումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թիրախավորել ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչությանը: Հոգեբանական մթնոլորտի առողջացման հրատապությունից և նախանշվող գործողությունների արդյունավետությունից ելնելով՝ ակնկալվում է իրականացվող ծրագրերի համակարգումը, մեթոդաբանությունների մշակումն ու իրականացումը հնարավորինս կենտրոնացնել, ինչը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել կատարվող գործընթացների մասին և համընդգրկուն լուծումներ մշակել»,- նշեց նախարարը:

Խնդրի համակարգային լուծման համար ակնկալվում է թիրախավորել հանրության բոլոր շերտերին, սակայն հոգեբանական ծառայությունների տրամադրումը, կախված թիրախային խմբից, տարատեսակ արտահայտումներ կարող է ունենալ։ Խմբերը ձևավորվել են ըստ խնդրի լուծման հրատապության և տրամադրվելիք հոգեբանական օգնության առաջնահերթության։

Ծրագրով նախատեսված թիրախային խմբերն են՝

  1. անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները.

  2. գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները.

  3. ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.

  4. զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները.

  5. ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները.

  6. տեղահանվածները (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ).

  7. ուղղակի մասնակցություն չունեցող անձինք (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ):

Կառավարությունը նախատեսում է հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում մասնագիտացած, վերջին 3 տարիների ընթացքում հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում ծառայություններ մատուցած կազմակերպությունից ձեռք բերել ծառայություններ՝ իրականացնելու բնակչության, մասնավորապես՝ պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիների հոգեբանական աջակցության կազմակերպման համակարգման և լոգիստիկ պլանավորման ծառայությունների կազմակերպումը:

Նախատեսվող ծառայություններն են՝

  1. անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա(մինչև 8 սեանս) 1-1,5 ժամ տևողությամբ.

  2. խմբային հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա(մինչև 8 սեանս)՝ 1-1,5 ժամ տևողությամբ.

  3. առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն կամ հոգեթերապիա (մինչև 8 սեանս) 1-1,5 ժամ տևողությամբ.

  4. հոգեբանների շարժական խմբերի ծառայություն՝ (մինչև 8 սեանս).

  5. հոգեբանական թեժ գծի ծառայություն.

  6. ընդհանուր հասանելիության մատչելի տեսաշարերի նկարահանում և ցուցադրում` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի գործիքների առկայությունը, այդ թվում` ժեստերի լեզվի թարգմանություն, հայերեն լուսագրերի առկայություն.

  7. էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություն:

Ծրագիրն ակնկալվում է սկսել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված հրատապ բաց մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրը, որը կտևի մոտ 6 ամիս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել