tert.am: Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», և կից օրենքների փաթեթը հիմնական զեկույցով հանդես եկավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նախարարը նշեց, որ Նախագծով նախատեսվում է հաշմանդամության երեք գործող խմբերի փոխարեն սահամանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթև, միջին, ծանր և խորը: Նրա խոսքով՝ գնահատումը հիմնված է միջազգային գաղափարախոսության և մոտեցումների հիման վրա:

«Այս նոր մոտեցումը մենք իրականացնում ենք վերջերս ընդունված Արցախյան վերջին պատերազմին ծանր վիրավորում և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց մասով, երեկվանից արդեն մեր աշխատանքային խմբերն այցելում են այդ անձանց բնակության վայրեր և հենց այս միջազգային չափանիշների հիման վրա ընդունված մոտեցումով իրականացվում են անձի բազմաֆունկցիոնալ կարիքների գնահատում, մասնավորապես, բնակության, միջավայրի, աշխատանքի և հնարավոր այլ նախասիրությունների մասով»,- նշեց Առաքելյանը:

Նրա խոսքով՝ այս ամսվա ընթացքում այդ անձանց մասով կիրականացվեն կարիքների ամբողջական գնահատում և միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզավորումը հիմնված կլինի այդ ամբողջական կարիքների գնահատման հիման վրա:

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ այստեղ ուշադրության է արժանի այն հայեցակարգային նորամուծությունը, որը պետք է արվի այս օրենսդրական փաթեթով: «Իսկ հայեցակարգային փոփոխությունը հետևյալն է՝ այսպիսի ռեֆորմով մենք խնդիր պետք է լուծենք: Առաջինը՝ օգնենք հաշմանդամություն ունեցող անձանց, որ նրանք վերագնահատեն իրենց հնարավորությունները, հանրության կյանքին մասնակցեն բոլորի հետ հավասար պայմաններով, մյուս կողմից՝ օգնենք, որ հանրությունը վերագնահատի հաշմանդամություն ունեցող անձանց պոտենցիալը, նրանք ներգրավվեն երկրի զարգացման գործում»,- ասաց նա: