Մեզ համար կարևոր է, որ Հայաստան այցելելու համար մեր ճանապարհը բացվի․ ջավախահայերը ցույց են արել
 |lragir.am|
20:10 - 03 փետրվարի, 2021

Մեզ համար կարևոր է, որ Հայաստան այցելելու համար մեր ճանապարհը բացվի․ ջավախահայերը ցույց են արել |lragir.am|

lragir.am: Ջավախքում հայ բնակչությունն սպասում է Վրաստանի իշխանությունների պատասխանին, թե սահմանները բացելու հարցում ինչ քայլեր են արվելու։ Այսօր դարձյալ բողոքի ակցիա է եղել, ցուցարարները հանդիպել են Ախալքալաքի քաղաքապետի հետ։ «Նա ասել է, որ իշխանությունը ճիշտ որոշում է կայացրել, կարևորը ժողովրդի առողջությունն է, դրա համար սահմանները փակ են»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի բնակիչ Ռեմիկ Պողոսյանը։ Նրա խոսքով՝ քաղաքապետը հորդորել է սպասել Վրաստանի իշխանություններին ուղղված իրենց նամակի պատասխանին։ «Ասել է՝ կորոնավիրուսի հարցով խորհրդի նիստ պետք է լինի ու հետո կասեն՝ սահմանափակումները խստացնելու են, թե՞ ոչ»,- հավելեց նա։

Նշենք, որ Ջավախքի հայերը պահանջում են, որ Վրաստանի իշխանությունները բացեն սահմանները, որպեսզի նրանք կարողնան և՛ Հայաստան ժամանել, և՛ մեկնել Ռուսաստան, և՛ այլ երկրներ՝ արտագնա աշխատանքի։

«Մեզ մոտ մարդիկ ապրում են հիմնականում գյուղատնտեսության ու արտագնա աշխատանքից եկած փողերով։ Մարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում հիմնականում Ռուսաստան։ Հիմա արդեն մեկ տարի է՝ այդ մարդիկ չեն գնացել, շատ ծանր սոցիալական վիճակ է առաջացել։ Մյուս կողմից էլ գնաճ է երկրում, ամեն ինչ թանկացել է»,- ասաց Ռեմիկ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Ախալքալաքի բնակիչները սահմանը բացվելու դեպքում կարող են գալ Հայաստան, Հայաստանից էլ ինքնաթիռով մեկնել Ռուսաստան։

«Հայ պատգամավորների խոսքը դեռ չենք լսել, թե ինչ քայլեր են անում, աջակցում են մեզ այս հարցւոմ, թե ոչ»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել