Միասնական ծառայության ստեղծմամբ կդյուրացվի սոցիալական ծառայությունների մատուցումը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
 |1lurer.am|
19:05 - 03 փետրվարի, 2021

Միասնական ծառայության ստեղծմամբ կդյուրացվի սոցիալական ծառայությունների մատուցումը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ էր 98, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: 

Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա ստեղծել միասնական սոցիալական ծառայություն, դյուրացնել սոցիալական ծառայությունների մատուցումը: 

Նախագծի քննարկմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ գործող կարգավորումներով 2021 թվականի ապրիլի 1-ից պետք է ներդրվեր ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ: Մասնավորապես՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ՝ սոցպաշտպանության ոլորտի չորս մարմիններից երեքի հիման վրա: Սակայն վերջինիս կազմում նախատեսված չէ ներառել Սոցիալական ապահովության ծառայությունը, որը նախատեսված էր անել հաջորդ փուլում: Գործող առաջարկով՝ առաջարկվում է բոլոր չորս կառույցները միավորել և ստեղծել միասնական սոցիալական ծառայություն՝ գործող Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա, որը հնարավորություն կտա գործընթացն իրականացնել ավելի սահուն ու արդյունավետ:

Նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ բովանդակային առումով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը փոփոխության չի ենթարկվել:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել