ԱԺ-ն ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը |armtimes.com|
14:25 - 03 փետրվարի, 2021

ԱԺ-ն ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրումը:

«Նախագծով նախատեսվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, ովքեր ունեն քրեական մասնագիտացում, քննելու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները: Դրանցից, օրինակ, խուզարկության սանկցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության գործերը և մի շարք այլ միջնորդություններ և բողոքներ, որոնք բնորոշ են մինչդատական վարույթի փուլին»:

Նրա խոսքով՝ մարզերում քրեական մասնագիտացում ունեցող դատավորները ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի մասնագիտանալու են նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերում

Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս նպատակով դատական համակարգում ավելանալու է առնվազն 17 հաստիք, որոնցից 8-ը Երևան քաղաքում:

Որոշումն ընդունվեց 83 կողմ, 17 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել