ԵՄ-ն կորոնավիրուսի պատճառով խստացնում է Շենգենյան գոտի մուտք գործելու կանոնները |tert.am|
10:19 - 03 փետրվարի, 2021

ԵՄ-ն կորոնավիրուսի պատճառով խստացնում է Շենգենյան գոտի մուտք գործելու կանոնները |tert.am|

tert.am: Եվրամիության խորհուրդը հաստատել է կորոնավիրուսային համավարակի  պատճառով Շենգենյան գոտի ճանապարհորդության սահմանափակումների վերաբերյալ նոր առաջարկությունները: Նոր սահմանափակումներն ընդունվել են գրավոր ընթացակարգով, երեքշաբթի, փետրվարի 2-ին: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսալեզու ծառայությունը` հղում տալով Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությանը:

Մասնավորապես, առաջարկությունները նախատեսում են նոր պայմաններ երրորդ երկրի հետ Եվրամիության սահմանները բացելու համար`ցանկացած ճանապարհորդության, այդ թվում` զբոսաշրջության համար: Դրա համար երկիրը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.

1)      Վերջին 14 օրվա ընթացքում վարակի նոր դեպքերի թիվը չպետք է գերազանցի 25-ը 100 000 բնակչի հաշվով:

2)      Վերջին երկու շաբաթվա ընթացքում նոր վարակների քանակը պետք է նվազի կամ կայուն մնա նախորդ 14-օրյա ժամանակահատվածի համեմատ:

3)      Երկիրը 7 օրվա ընթացքում պետք է կատարի ավելի քան 300 թեստ 100 000 բնակչի հաշվով:

4)      Անցած 7 օրվա ընթացքում կորոնավիրուսի փորձարկման դրական արդյունքների թիվը չպետք է գերազանցի 4%-ը:

Բացի այդ, հաշվի կառնվի նաև կորոնավիրուսի տարբեր մուտացիաների տարածումը:

Այս չափանիշների հիման վրա ԵՄ խորհուրդը կթարմացնի այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիների համար բաց կլինեն Շենգենյան սահմանները: Ցուցակը վերջին անգամ վերանայվել է հունվարի 28-ին: Դրանում մնացել Է ընդամենը 7 երկիր՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սինգապուրը, Հարավային Կորեան, Թաիլանդը և Չինաստանը:

Նախկինի պես, կթույլատրվեն այսպես կոչված, անհրաժեշտ ուղևորությունները: Այլ կերպ ասած, ԵՄ երկրների քաղաքացիներին և բնակիչներին, ինչպես նաև, օրինակ, տրանսպորտային աշխատողներին կամ դիվանագետներին թույլատրում են մտնել Շենգենյան տարածք: Բայց հիմա, նրանց մուտքի համար անհրաժեշտ կլինի փաստաթուղթ PCR թեստի բացասական արդյունքի վերաբերյալ, թեստը պետք է հանձնված լինի Շենգեն գոտի մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ: Այս կանոնը չի տարածվելու միայն տրանսպորտային աշխատողների վրա, ինչպիսիք են վարորդները: Բացի այդ, երկրները, իրենց հայեցողությամբ, կսահմանեն ժամանման լրացուցիչ սահմանափակումներ՝ կարանտին, ինքնամեկուսացում կամ կորոնավիրուսի համար լրացուցիչ թեստավորում:

Առաջարկությունները նախատեսում են նաև անհրաժեշտ ճանապարհորդության իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանափակում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել