2020 թվականի ընթացքում աշխարհում առնվազն 50 տոկոսով ավելացել են թվային ծառայությունները. ՊԵԿ փոխնախագահ |armtimes.com|
12:48 - 02 փետրվարի, 2021

2020 թվականի ընթացքում աշխարհում առնվազն 50 տոկոսով ավելացել են թվային ծառայությունները. ՊԵԿ փոխնախագահ |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի համավարակի արդյունքում 2020 թվականի ընթացքում աշխարհում առնվազն 50 տոկոսով ավելացել են թվային ծառայությունները։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ կան ոլորտներ, որտեղ կրկնապատկվել, բազմապատկվել են, կան ոլորտներ, որտեղ մի քանի անգամ, նույնիսկ 10-ապատիկ ավելացել են:

ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ բացառություն չեն նաեւ հայաստանյան հարկային ու մաքսային կառույցները, որտեղ 2020-ին նոր առցանց ծրագրեր են ներդրվել: Դրանցից վերջինս առանձնացրեց էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրումը։

«ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ շփումը 100 տոկոսով իրականացնում էր միայն էլեկտրոնային տարբերակով, նկատի ունեմ հաշվետվությունների, հաշվարկների ներկայացումը, թվային փաստաթղթերի, ՀԴՄ կտրոնների հետ կապված հարցերը։ Բայց, այնուամենայնիվ, կան որոշակի գործառույթներ, օրինակ, եկամտահարկի` բանկում վճարած տոկոսների չափով հետ ստանալու գործողությունը, որտեղ դեռեւս կան թղթային դիմում ներկայացնելու ինչ-որ պահեր»,- ներկայացրեց Մուրադյանը։

Նա հայտնեց, որ ՊԵԿ-ը համավարակի ժամանակ դա էլ փորձեց տեղափոխել էլեկտրոնային հարթակ. «Իսկ հիմա ավելի մեծ ծրագիր ենք նախաձեռնել, որ ամբողջությամբ այդ պրոցեսը թվայնացնենք` սկսած բանկից մինչև հաշվեհամարին գումարը հետ ստանալու պրոցեսը»:

Մուրադյանի խոսքով՝ այս բարեփոխումներից հետո քաղաքացին այլեւս կարիք չի ունենա ո՛չ բանկ, ո՛չ ՊԵԿ, ո՛չ էլ ֆինանսների նախարարություն այցելելու։

Խոսելով ապագայի մասին նա հայտնեց, եւ 2021-ին ՊԵԿ-ում նախատեսվում է առցանց դարձնել նաեւ լիզինգի ծառայությունը։ Համապատասխան ծրագիրն արդեն մշակվում է։

ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ կոմիտեի կազմակերպած հարցման արդյունքներով հարկ վճարողների 70 տոկոսը, ցանկություն են հայտնել օգտվել առցանց ծառայություններից ու դրանք ստանալ բջջային հավելվածների միջոցով։ Այդ իսկ պատճառով ՊԵԿ-ը ցանկանում է հնարավորություն ստեղծել, որպեսզի հարկ վճարողները եւ ֆիզիկական անձինք կարողանան բջջային հավելվածի միջոցով մուտք գործել իրենց անձնական էջ եւ անհրաժեշտ հաշվետվությունները ներկայացնել: 

Հարցին՝ ե՞րբ է նախատեսված բջջային հավելվածը օգտագործել, ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Դեռեւս հայեցակարգ է մշակվել, տեխնիկական նկարագիրն է մշակվել: Դա պետք է հավանություն ստանա Կառավարության թվայնացման խորհրդում, դրանից հետո պետք է լինի մրցույթ, ընտրվի իրականացվող եւ իրականացվի»:

Խոսելով վիճակախաղերի եւ շահումով խաղերի ֆինանսական հոսքերի մասին, նա նշեց, որ ՊԵԿ-ը չունի բավարար հոսքեր դա վերահսկելու համար:

Շահումով խաղերի եւ վիճակախաղերի ոլորտի կարգավորման ու վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար ՊԵԿ–ում արդեն ուսումնասիրել են միջազգային փորձը, մշակել սեփական ստանդարտներ, որոնք առաջիկայում կներդրվեն այս ոլորտում. «Այս ստանդարտների հիման վրա մենք նաեւ հնարավորություն ենք ունենալու ստեղծել մոնիթորինգի կենտրոն, որը թվային վերահսկողություն իրականացնելու շատ լավ գործիք է լինելու։ Այսինքն` վիճակախաղերի ու շահումով խաղեր կազմակերպող բոլոր ընկերություններն իրենց տեղեկատվությունն ավտոմատ ուղարկելու են այս մոնիթորինգի կենտրոն, որտեղ այս ամենը վերահսկվելու է, ստանդարտացվելու է, եւ վերահսկելու ենք նախ ծառայությունների մատուցման որակը, ապա ֆինանսական հոսքերը` արդար հարկման եւ փողերի լվացման շրջանակներում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել