ԳԱԱ նախագահը գիտության զարգացման համար մատնանշեց լուծում պահանջող խնդիրները |armenpress.am|
13:59 - 01 փետրվարի, 2021

ԳԱԱ նախագահը գիտության զարգացման համար մատնանշեց լուծում պահանջող խնդիրները |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գիտության զարգացման համար կարևորեց մի շարք խնդիրներին լուծում տալը՝ այդ թվում անհրաժեշտ ֆինանսավորման, համապատասխան կադրային ներուժի ապահովման և այլն:

Նա նման տեսակետ հայտնեց «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն»  թեմայով խորհրդարանական լսումներում:

Նա նշեց, որ հաշվի առնելով 2020-ին տեղի ունեցած աղետալի երևույթները,  պետք է փոխել կյանքի ընթացքը: «Ապրել նորովի, չկրկնել նախկինում թույլ տված սխալները: Դա հնարավոր է միայն գիտության զարգացման միջոցով: Ապագա գլոբալ մարտահրավերներին դիմակայելու պայմանը զարգացած գիտություն ունենալն է: 2020-ի 44-օրյա պատերազմը շատ մեկնաբանններ անվանում են 5-րդ սերնդի պատերազմ: Այս պատերազմում մեր զոհերի, կորուստների թվի 90 տոկոսը պայմանավորված էր թշնամու տեխնոլոգիական առավելությամբ»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա լսել է, որ Թուրքիայում «Բայրաքթարներ» ստեղծելու համար ծախսել են մոտ 270 մլն դոլար: «Այդ 270 միլիոն-ը մեր գիտությանը 10 տարվա ընթացքում հատկացված միջոցներն են»,-նշեց ԳԱԱ նախագահը:

Մարտիրոսյանն առանձնացրեց այն խնդիրները, որոնց լուծումը, ըստ իրեն, կբերեն գիտության զարգացմանը, տեխնոլոգիաների զարգացմանը, ինչը հնարավորություն կտա ունենալ զարգացած տնտեսություն, պաշտպանության ավելի բարձր մակարդակ: «Զարգացած գիտություն ունենալը պահանջում է հետևյալ կարևոր խնդիրների լուծումը. անհրաժեշտ ֆինանսավորում, համապատասխան կադրային ներուժ, բարձր մակարդակի միջազգային համագործակցություն և, վերջապես, գիտական բարձր մակարդակին համապատասխանող պետական պատվեր»,-ասաց նա:

Մարտիրոսյանի խոսքով՝ երկար տարիներ գիտությանը հատկացվող միջոցները կազմում են ՀՆԱ-ի 0.25 տոկոսը: Ըստ նրա՝ այս միջոցներով ոչ թե ֆինանասվորվել է գիտությունը, այլ այդ միջոցները տրամադրվել են՝ ընդամենը պահպանելու այն գիտական կազմակերպությունները, որոնք խորհրդային շրջանում զբաղվում էին գիտությամբ:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել