Կառավարության շենքը զավթելու փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Վ. Չախալյանի կալանավորման միջնորդությունը մերժվել է |hetq.am|
11:44 - 30 հունվարի, 2021

Կառավարության շենքը զավթելու փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Վ. Չախալյանի կալանավորման միջնորդությունը մերժվել է |hetq.am|

hetq.am: Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված  5 անձանց՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին երեկ՝ հունվարի 29-ին մեղադրանք է առաջադրվել։ Քննչական կոմիտեն նրանց կալանավորելու միջնորդություններ է ներկայացրել դատարան։ Այս մասին ասաց գործուն ներգրավված պաշտպաններից Միքայել Շխիմյանը։

Վերը նշված 5 անձինք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձը։

Դատարանը՝  նախագահությամբ դատավոր Վահագն Մելիքյանի, երեկ սկսել է Վահագն Չախալյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանի բողոքի և նրան կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդության քննությունը և որոշել Չախալյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել, իսկ նրան կալանավորելու միջնորդությունը՝ մերժել։ Միքայել Շխիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանը հանգել է հետևության, որ առկա չէ  հիմնավոր կասկած այն մասին, որ Չախալյանը կատարել է իրեն վերագրվող արարքը։

Նշենք, որ Չախալյանը  ջավախահայ քաղաքական գործիչ է, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդն, ով 2009թ.ին  դատապարտվել է վրացական դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման ջավախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար և հետագայում համաներմամբ ազատ արձակվել։

Մյուս մեղադրյալների խափանման միջոցի միջնորդությունների վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։

Արշակ Զաքարյանի պաշտպան Անժելիկա Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, երեկ սկսել է Զաքարյանի ձերբակալման դեմ բողոքի և նրան կալանավորելու միջնորդության քննությունը, որը կշարունակվի այսօր։ Հակոբյանն ասաց նաև, որ Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Մեղադրանքը չի ընդունել նաև բռնցամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։ Նրա գործով ևս երեկ դատական նիստը մեկնարկել ու հետաձգվել է, շարունակվելու է այսօր, ժամը 20:00-ին։ Հակոբկոխյանի պաշտպաններից Գոռ Սաղոյանն ասաց, որ իրենց բողոքն ու Քննչական կոմիտեի միջնորդությունը քննում է դատավոր Հարություն Մանուկյանը։

«Իրականության հետ աղերս ունի միայն այն, որ ինքը մասնակցել է հանրահավաքին, մնացածը հորինված է»,- մեղադրանքի վերաբերյալ նման դիրքորոշում հայտնեց Գոռ Սաղոյանը։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել