Կառավարությունը Սյունիքի կողքին է բոլոր առումներով և բոլոր խնդիրների լուծման գործում. Ավինյան
11:42 - 30 հունվարի, 2021

Կառավարությունը Սյունիքի կողքին է բոլոր առումներով և բոլոր խնդիրների լուծման գործում. Ավինյան

Հունվարի 29-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ կայացել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման ու օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությունը։

Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Իր խոսքում փոխվարչապետը նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ, այսօր հանդիպում ենք դժվարին իրավիճակում, երբ առկա խնդիրները ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև առաջին հերթին անվտանգային բնույթի են: Դրանց լուծումը պահանջում է հրատապություն, ինչպես նաև առավելագույն ճշգրտություն: Օրվա ընթացքում մեր ունեցած հանդիպումներն ու դիտարկումներն առավել ամբողջական պատկերացում տվեցին, թե ինչ հարցեր ունենք օրակարգում, որոնց մանրամասները այժմ պիտի համալիր կերպով քննարկենք:

Սակայն առիթից օգտվելով՝ ուզում եմ վերահաստատել, որ կենտրոնական կառավարությունը Սյունիքի կողքին է բոլոր առումներով և բոլոր խնդիրների լուծման գործում: Ավելին՝ կառավարությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել տնտեսական կոնկրետ միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, որոնք դրականորեն փոխելու են իրավիճակը՝ միևնույն ժամանակ լուծումներ ապահովելով առավել հրատապ խնդիրների համար»։

Օրվա ընթացքում փոխվարչապետն այցելել է Գորիս, Որոտան, Շուռնուխ և Կապան համայնքներ, տեղում ծանոթացել իրավիճակին, սոցիալ-տնտեսական ու անվտանգային պայմաններին։ Համայնքների բնակիչների հետ քննարկվել են հրատապ և երկարաժամկետ լուծումներ պահանջող հարցերն ու նախանշվել դրանց լուծումները։

Տիգրան Ավինյանի աշխատանքային այցն ամփոփվել է Կապանում, որտեղ կայացել է վերոնշյալ միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությունը։ Փոխվարչապետը ներկայացրել է Որոտան և Շուռնուխ համայնքներում բնակիչների հետ քննարկումների արդյունքները, ըստ որոնց՝ բնակարանը կորցրած ընտանիքների համար կառուցվելու են նոր տներ։ Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկելու են մյուս շաբաթ։ Բնակարանը կորցրած ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրվելու է 300 հազար դրամ միանվագ աջակցություն։ Ավելին՝ մինչև բնակարանների կառուցումը, նվազագույնը 6 ամիս շարունակ, այս ընտանիքների յուրաքանչյուր անդամ ստանալու է նաև 68 հազար դրամ։

Խորհրդակցության ժամանակ մանրամասն անդրադարձ է կատարվել ռազմական գործողություններից առաջ գոյություն ունեցած և դրանց արդյունքում ի հայտ եկած խնդիրների ողջ համալիրին, այդ թվում՝ անվտանգության ապահովման միջոցառումներին, գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը և բնակչության պաշտպանության կազմակերպմանը։

Աշխատանքների իրականացման և ժամանակացույցի վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել