Հանրային վայրերում տարածվում են թռուցիներ «Վերացնել դավաճանին» գրությամբ։ Այս արտահայտությունը իր մեջ պարունակում է բռնության կոչի հատկանիշներ, որը կարող է հանգեցնել ագրեսիայի, ֆիզիկական բռնության և հակաօրիանական այլ գործողությունների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանը քաղաքակիրթ և իրավական երկիր է, որտեղ բռնությունը, ահաբեկչությունը և ագրեսիայի վտանգավոր դրսևորումները չեն կարող լինել հարց լուծելու միջոց և նպատակ, հատկապես եթե դրանք ուղղված են պետության օրինական իշխանությունների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Ֆիզիկական վերացման մասին մտքեր վերջերս հնչում են նաև հասարակական-քաղաքական գործիչների կողմից, որը սրում է իրավիճակը։

Բարկությունը, վիրավորանքը և ատելությունը չեն կարող արդարացնել նման պայքարի մեթոդները։ Հիշե՛ք մեր պետականության ողնաշարը ծռած հոկտեմբերի 27-ը և մի՛ խրախուսեք հանցագործություններ։

Կոչ եմ անում ակցիայի նախաձեռնողներին և թռուցիկ տարածողներին դադարեցնել բռնության քարոզչությունը։ Եթե դուք այդպիսի նպատակ չեք հետապնդում, ուրեմն վերաձևակերպեք ձեր կոչերը»: