ՔԿ համակարգում գերբեռնվածության խնդիր չկա. միջին խտությունը եվրոպական երկրների ամենացածր ցուցանիշներից է |armenpress.am|
11:39 - 29 հունվարի, 2021

ՔԿ համակարգում գերբեռնվածության խնդիր չկա. միջին խտությունը եվրոպական երկրների ամենացածր ցուցանիշներից է |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականի համար նախատեսված ծրագրերը հիմնականում կապված են քրեակատարողական հիմնարկների արդիականացման, ինչպես նաև դատապարտյալների ու կալանավորված անձանց պահման պայմանների բարելավման հետ։ Քրեակատարողական համակարգի զարգացման, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման, դատապարտյալների և կալանավորների էլեկտրոնային ռեգիստրի, նախատեսվող ծրագրերի և այլ հարցերի շուրջ հարցազրույց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ:

- Նշանակումից հետո խոսելով համակարգի զարգացման Ձեր տեսլականի մասին' նշել էիք, որ վերջնական նպատակներից մեկն է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական համակարգ և պատժողական քաղաքականությունից անցում կատարել վերականգնողական արդարադատությանը: Արդյոք հասե՞լ եք այս նպատակների իրագործմանը, թե՞ դեռ անելիքներ շատ կան:

- Միջազգային չափանիշներին համապատասխանությունը և քաղաքականության ուղղվածության փոփոխությունը տևական ջանքեր պահանջող գործընթաց է, որտեղ առանձնահատուկ կարևորվում է վճռականության և հետևողականության դրսևորումը։ Երկար տարիներ համակարգը հիմնականում ծառայել է ազատությունից զրկված անձանց նկատմամբ պատժողական տարրերի ապահովմանը, նրանց վերասոցիալականացման ուղղությամբ տարվող աշխատանքները մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ստորադասվել են պատժողական այդ քաղաքականության սկզբունքներին։ Ներկայումս նախատեսվում է առավել կարևորություն տալ հենց իրավախախտում կատարած անձանց վերականգնմանը և վերաինտեգրմանը հասարակության մեջ՝ բնականաբար որևէ կերպ չանտեսելով նաև հիմնարկներում անվտանգության և պահպանության ապահովման մյուս գործառույթները։

Վերականգնողական արդարադատությունը ենթադրում է վերասոցիալականացման ուղղությամբ դատապարտյալների հետ տարվող աշխատանքների էական ակտիվացում, նրանց ռիսկերի և կարիքների լիարժեք բացահայտում և գնահատում, վերականգնողական տարաբնույթ ծրագրերի իրականացում և այլն։

Անցած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հետ արդեն էականորեն ակտիվացվել էին սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, որոնք կազմակերպվել են հիմնականում հետևյալ ուղղություններով` հոգեախտորոշում (թեստավորում, հոգեբանական զրույց), սոցիալական (խորհրդատվական) և հոգեբանական թերապևտիկ (խորհրդատվական) աշխատանքներ, իրավական խորհրդատվություն, կանխարգելիչ աշխատանքներ, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ կապի բարելավման և սոցիալական ապահովության ուղղությամբ աշխատանքներ: Ներկայումս ընթացքի մեջ են տարաբնույթ մի շարք ծրագրերի մշակումը և իրականացումը, որոնց արդյունքները տեսանելի են դառնալու միայն որոշ ժամանակ անց։

Միջազգային չափանիշներին համապատասխանող քրեակատարողական համակարգ ունենալու տեսլականի կապակցությամբ ևս հարկ է նշել, որ այն մի շարք բաղկացուցիչների համակցություն է (քրեակատարողական հիմնարկների արդիականացում և ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավում, վերջիններիս իրավունքների և ազատությունների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում, բժշկական օգնության և սպասարկման պայմանների բարելավում, վերասոցիալականացում, քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի հաղթահարում և այլն), որոնցից յուրաքանչյուրը կյանքի կոչելու ուղղությամբ չնայած արդեն իսկ կատարվել են որոշ գործողություններ, բայց և շատ են անելիքները։ Հետևաբար տեսլականի և վերջնական նպատակների իրագործման մասին դեռևս վաղաժամ է խոսելը։

Ամենակարևորը, որը պետք է շեշտադրել, մեր վճռականության և հետևողական կամքի առկայությունն է, ինչը հույս է տալիս համոզմունք ունենալու, որ քայլ առ քայլ մոտենալու ենք այդ տեսլականի իրագործմանը։ Կարծում եմ, որ Ձեր հաջորդ հարցերի պատասխաններով կկարողանամ մասնակի անդրադառնալ վկայակոչածս հիմնարար ուղղություններից յուրաքանչյուրով կատարված աշխատանքներին։

-Արդյո՞ք քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվել է օպերատիվ կառավարման կենտրոն, որը նախատեսվում էր ներդնել 2020 թվականին:

-Նախևառաջ, պարզաբանեմ, թե ինչ է իրենից ներկայացնում օպերատիվ կառավարման կենտրոնի գաղափարը։ Դեռևս նախկինում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նախագծա-նախահաշվային փաստաթղթերով նախատեսված է եղել հիմնարկում ներդնել ներքին և արտաքին անվտանգության արդի համակարգեր, որոնք պետք է բաղկացած լինեին գիշերային տեսանելիության, ինֆրակարմիր և ջերմային ցուցիչներով տեսախցիկներից, միկրոալիքային ազդակներից, տեսադիտման և տեսահսկման թվային կրիչներից, անխափան սնուցման սարքավորումներից, թվային հաշվառման սարքավորումներից և այլ հանգույցներից։ Դրանց միջոցով օպերատիվ կառավարման կենտրոնից պետք է իրականացվեր հիմնարկի ամենօրյա աշխատանքային գործունեության վերահսկողություն:

Անցած տարիների ընթացքում այդ համակարգերը փաստացի ներդրված չեն եղել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառաբանությամբ։ Ընդ որում, դեռևս 2005-2006 թվականներին նախագծանախահաշվային փաստաթղթերով հաշվարկվել էր, որ դրանց ներդրման համար կպահանջվի շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամ:

Քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակում կարևորելով «Արմավիր» ՔԿ հիմնարկի անվտանգության համակարգերի գործունեության հուսալիության բարձրացման և խոցելիության վերացման, ինչպես նաև տեսահսկման սարքերի գործադրմամբ ազատությունից զրկված անձանց պատշաճ վարքագծի վերահսկման և ծառայողների (աշխատակիցների) կոռուպցիոն դրսևորումների բացառման անհրաժեշտությունը՝ Քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից նախաձեռնվել է նոր գործընթաց՝ անվտանգության համակարգերը լրիվությամբ գործարկելու, խոցելի և չտեսահսկվող տեղամասերի և հատվածների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև մարդկային գործոնի ռիսկը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

Այդ նպատակով կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ, պատվիրվել են նախագծանախահաշվային նոր աշխատանքներ, որոնց հիման վրա հայտարարվել է տեսահսկման համակարգի ձեռքբերման բաց մրցույթ: Հաղթող ճանաչված կազմակերպությունը պարտավորվել է համակարգը ներդնել (ներառյալ սարքավորումներն ու ծրագրային ապահովումը) մոտ 587 միլիոն ՀՀ դրամով։

Մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են, գործընթացն ավարտելու համար սպասում ենք ՀՀ կառավարության դիրքորոշմանը և արձագանքին, քանի որ այդ նպատակով նախապես հատկացված ֆինանսական միջոցներ բյուջեով նախատեսված չեն եղել, մրցույթն անցկացվել է պայմանով, որ նախագծանախահաշվային փաթեթով նախատեսված ողջ աշխատանքները հնարավոր է կյանքի կոչել և իրագործել, եթե վերջնականապես որոշվի անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը։

Լիահույս ենք, որ առաջիկայում գաղափարը վերջիվերջո կյանքի է կոչվելու, ինչը հետագայում հնարավորություն է տալու նույնպիսի համակարգեր ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում և օպերատիվ կառավարման կենտրոնից դինամիկ հսկողություն իրականացնել բոլոր հիմնարկներում։

-Նաև նախատեսվում էր ներդնել դատապարտյալների և կալանավորների էլեկտրոնային ռեգիստր: Այս մասով ի՞նչ կարող եք ասել:

-Էլեկտրոնային ռեգիստրի (e-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգ) ներդրման աշխատանքները ևս ավարտական փուլում են։ Արդեն իսկ ձեռք են բերվել անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները՝ համակարգիչներ և տպիչ սարքեր, նույնականացման քարտ ընթերցող սարքեր, մատնահետք վերցնելու սարքավորումներ, թվային տեսախցիկներ, սերվերային համալիր համակարգ և այլն։

Ծառայության կենտրոնական մարմնի և 12 քրեակատարողական հիմնարկների միջև ստեղծվել է կորպորատիվ ցանց, բոլոր կապուղիները միացված են, կենտրոնական մարմնում կահավորվել է սերվերային սենյակ, ձեռք է բերվել լիցենզավորված օպերացիոն համակարգ։ Էլեկտրոնային կառավարման համակարգի օգտագործման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման նպատակով քրեակատարողական ծառայողներն անցել են վերապատրաստում։

Համակարգի փորձարկման ընթացքում առաջ են եկել մի շարք օբյեկտիվ պատճառներ, որոնք խոչընդոտում են համակարգի վերջնական շահագործմանը։ Մասնավորապես ծրագրի մշակումից հետո քրեակատարողական օրենսդրությունում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը փոխանցվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին և այլն, այլ գերատեսչությունների համապատասխան համակարգերում կատարվել են ծրագրային թարմացումներ, ինչը հնարավորություն չի տալիս մեր համակարգի հետ դրանց համակցումը։

Արդարադատության նախարարության ակտիվ ներգրավմամբ ներկայումս կոնկրետ միջոցներ են ձեռնարկվում համապատասխան մասնագետների միջոցով e-penitentiary համակարգի ծրագրային ապահովման արդիականացումն իրականացնելու ուղղությամբ, ինչից հետո կարճ ժամկետում մեր ծառայողները (աշխատակիցները) լիարժեք հնարավորություն կունենան արդեն ամբողջ ծավալով շահագործելու արդիական այդ համակարգը։

-Նախորդ տարի խոսում էիք քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին: Բարձրացե՞լ են աշխատավարձերը, կխնդրեի խոսել նաև աշխատակիցների մասնագիտական հատկանիշների բարձրացմանն ուղղված քայլերի մասին:

-Արդարադատության նախարարության և Կառավարության գործուն աջակցությամբ այդ խնդրին տրվել է դրական լուծում, և ծառայողների աշխատավարձը բարձրացվել է։ Եթե նախկինում նոր աշխատանքի ընդունված կրտսեր մասնագետի վարձատրության ընդհանուր գումարը կազմում էր 150.000 ՀՀ դրամ, հիմա նա արդեն ստանում է 210.000 ՀՀ դրամ։ Առնվազն 20 տարվա ծառայության ստաժ ունեցող քրեակատարողական հիմնարկի պետի վարձատրության ընդհանուր գումարը 410.000 ՀՀ դրամ էր, այժմ արդեն՝ 530.000 ՀՀ դրամ։

Քրեակատարողական ծառայողների աշխատավարձի բարձրացմամբ հնարավոր է դարձել էականորեն կրճատել համակարգում առկա թափուր հաստիքները, ինչով մասամբ չեզոքացնել վարչակազմի կողմից իր լիազորությունների ոչ պատշաճ իրականացումը և ոչ ապահով միջավայրի ստեղծումը, մեղմել կամ կանխել ծառայողների կողմից կոռուպցիոն և այլ հակաիրավական ռիսկերի հակումներ ու դրսևորումներ ունենալու հավանականությունը։ Վերոհիշյալի հետ մեկտեղ պետք է փաստել նաև, որ միայն վարձատրության բարձրացումը, ինքնին, չի կարող ամբողջովին լուծել համակարգի կադրերի հետ կապված հիմնախնդիրները։

Այդ նպատակով համակարգի կադրային բոլոր մակարդակներում նաև իրականացվում են կադրային փոփոխություններ ու փոխատեղումներ (ռոտացիաներ)։ Ընդ որում, փորձում ենք համակարգը համալրել այնպիսի կադրերով, որպիսիք ունեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և որակներ, բարոյահոգեբանական անհատական հատկանիշներ, բացահայտ ու քողարկված կոռուպցիոն և այլ հակաիրավական ռիսկերի հակումների ու դրսևորումների բացակայություն և անկաշկանդվածություն, ղեկավար կազմի համար՝ նաև վարչակառավարչական անհրաժեշտ հմտություններ (ունակություններ):

Բացի այդ, քրեակատարողական ծառայողները (աշխատակիցները) պարբերաբար վերապատրաստման ու հատուկ ուսուցման դասընթացներ են անցնում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ կարևորվում է այդ դասընթացների արդյունավետ կազմակերպումը, ձևական մոտեցումների բացառումը, հեղինակավոր և փորձառու դասախոսների ներգրավումը։

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել