armtimes.com: Եռաբլուրում լրագրողներից մեկը Ամենայն հայոց կաթողիկոսից հետաքրքրվեց, թե ինչպես էր, որ Մարտի 1-ի ժամանակ, ընտրությունների կեղծիքների ժամանակ եկեղեցին նախկին իշխանությունների քննադատություններին չէր միանում. 

«Եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում իր ձայնը բարձրացնի։ Եկեղեցին նման իրավիճակներում փաստերին չի տիրապետում եւ գուշակություններով, կռահումներով եկեղեցին չի կարող անդրադարձներ ունենալ եւ խոսք հնչեցնել»,- պատասխանեց նա։

Խոսելով գործող իշխանությունների հետ իր հարաբերությունների մասին եւ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունների հետ չի այցելել Եռաբլուր՝ Գարեգին Բ-ն նախ հետաքրքրվեց, թե այսօր արդյոք իշխանություններն արդեն այցելել են Եռաբլուր: Ստանալով դրական պատասխան՝ կաթողիկոսն ասաց.

«Մենք տեղեկացված չենք եղել իշխանության ղեկավարների այցի մասին։ Բայց կարծում եմ՝ ներկա կացության մեջ այս տարբերակը պատշաճ մոտեցում է»:

Անդրադառնալով քաղաքական առաջնորդության դերակատարություն ստանձնելու հարցին՝ կաթողիկոսը նշեց. «Եկեղեցին քաղաքական առաջնորդության դերակատարություն ստանձնել է այն ժամանակներում, երբ չենք ունեցել պետականություն։ Այսօր, գոհություն Աստծո, նաեւ եկեղեցու դարավոր պայքարի արդյունքում ունենք հայոց պետականություն։ Եկեղեցին ամբողջապես իր ջանքերը ներդնելու է այդ պետականության զորացման, անվտանգության, ամրացման նվիրական գործին»։